Էջ:Muratsan, vol. 4.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այսուամենայնիվ Ամբերդու գավառը ծածկվել էր կանաչով։ նրա սիրուն դաշտերը, գեղեցիկ հովիտները, սարավանդներն ու լեռնալանջերը զարդարվել էին ընտիր ու գույնզգույն ծաղիկներով։ Աղբյուրները բազմացել, առուները հորդացել և գետերը վարարել էին։ Խաշնարածները իրանց ձմեռային հանգիստը թողնելով` բարձրանում էին դեպի Արագածի լանջերը, որպեսզի նրա հովասուն արոտներում իրանց հոտերն ու նախիրը արածացնեն։

Արարատյան դաշտի վրա դեռ խաղաղություն էր տիրում և գեղջուկն ու երկրագործը սկսել էին զբաղիլ դաշտային աշխատություններով։

Հանկարծ Ոստանից լուր հասավ, թե հագարացիք ստվար բանակով հառաջանում են դեպի Ամբերդ։ Նորեն փախուստն ու թաքուստը սկսան։

Կաթողիկոսը սակայն դեռ հանգիստ նստած էր Բյուրականում, այլև զբաղված յուր դաստակերտի բարեկարգություններով։ Այն օրից ի վեր, որ նա ոստիկանից ստացել էր ապահովության հրովարտակ, բազմացել էին Բյուրականում ոչ միայն հոգևոր կոչման տեր անձինք, այլև աշխարհական ընտանիքներ, որոնք ապաստանել էին այդ տեղին` ինչպես կաթողիկոսի հովանավորությունը վայելող մի ամրության։

Ահեկի (ապրիլի) գեղեցիկ առավոտներից մինն էր։ Վեհափառը յուր դղյակի պատշգամբում բազմած դիտում էր այն փառավոր ու ակնապարար հորիզոնը, որ շրջապատում էր հովասուն Բյուրականը։ -Նրա հյուսիսային կողմից բարձրանում էր լայնադիր ու քառագագաթ Արագածը յուր ծաղկածին սարատափերով, լեռնային լճակներով և ձյունապատ ստինքներով։ Հյուսիս-արևելյան կողմից երևում էր Արայի լյառը յուր կանաչազարդ լանջերով։ Արևմտյան կողմից փակում էին հորիզոնը Բարդողի ձյունապատ կատարները. իսկ հարավից ձգվում էր մի դաշտահովիտ, որ Եռաբլուր լեռան ստորոտը քերելով հասնում էր մինչև Քասախի խառնուրդը և ապա դաշտանալով` տարածվում մինչև Մասիս։ Այդ դաշտահովտի վրա ընկած էին բազմաթիվ գյուղեր ու ավաններ, որոնց իշխում էր հիշատակաց արժանի Օշականը, որ ամփոփում էր յուր մեջ Հայաստանյայց երկրորդ լուսատուի,