Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե ինչպե՜ս ծանր, ինչպես դժվար է միայնակ ապրել աշխարհում...։

Այս խոսքերի հետ թագուհին փղձկեցավ և սկսավ լալ:

-Այդ ի՞նչ է, թագուհի. դու արտասվու՞մ ես...: Այդ տղայություն է. ի՞նչ կասեն` եթե լսեն։ Արի՛, արի՛ առաջնորդեմ քեզ դեպի քո կացարանը. դու պետք է հանգստանաս։

-Թո՛ղ որ մնամ ես այստեղ. և դու, ո՛վ սիրեցյալ թագավոր, մի՛ հեռանար ինձանից. նվիրիր քո թագուհուն, քո ապաբախտ ամուսնուն, գոնե մի ժամ. նա կամենում է խոսել քեզ հետ. մի՛ մերժիր նրան այդ չնչին խնդիրը։

-Սիրելի Սահանույշ...։

-Սիրելի Սահանու՞յշ... աստվա՜ծ իմ. մի՞թե դու ինձ այդ անունով կոչեցիր... արդյոք իմ ականջները սխալ չլսեցի՞ն... «Սիրելի» ասացիր, այնպես չէ՞. օ՜, ինչպե՛ս ուրախանում եմ այդ չնչին, այդ աղքատիկ խոսքով... սիրո մի փշրանքով... Ինչո՞ւ, ինչո՞ւ այսքան տկար է ստեղծել մեզ աստված... և դու, անշուշտ, խղճում ես ինձ, այնպես չէ՞. ասա՛, մի ծածկիր... խղճում ես ինչպես մի մուրացկի ... Օ՜, եթե գիտենայիր, թե որքա՜ն ծանր է այդ ինձ համար, որքա՛ն դժվարատա՜ր...։

-Այսուամենայնիվ, սիրելի թագուհի, դու չես հանգստանում. դու շարունակ հուզվում ես, այդ քեզ կարող է վնասել։ Գնանք, գնանք այստեղից։

-Օ՜հ, ոչ. ես այլևս չեմ հեռանալ այստեղից. չեմ հեռանալ իմ սիրելի Աշոտից... Օ՜հ, ների՛ր ինձ. թույլ տուր որ այս անունով անվանեմ քեզ...։ Այո՛, այժմ արդեն հանգիստ եմ. այժմ կարող եմ խոսել, ես այլևս չեմ հուզվիլ. միայն թե տու՛ր ինձ քո ձեռը և խոստացի՛ր, որ համբերությամբ ականջ կդնես ինձ։

Արքան աջը պարզեց առանց խոսելու։

Թագուհին առավ այն, սեղմեց յուր դողդոջուն ձեոներում և շարունակեց.

-Շնորհակալ եմ... Տեսնու՞մ ես, թե որպիսի՜ փոքր շնորհով եմ ես գոհանում... Իմ անզուգական դյուցազնի, իմ վեհապանծ թագավորի սերն ու սիրտը կորցնելուց ետ, ուրախանում եմ, որ ներվում է ինձ նրա սառն ու անտարբեր աջը