սիրտս խլեմ իմ կրծքից և գանգս դատարկեմ ուղեղից... Այս սրտով և ուղեղով ես գահ բարձրանալ չեմ կարող։
-Չէ՛, դու պիտի գթաս քո ժողովրդին. նա նմանում է այժմ հովվից զրկված և անապատներում դրված անտիրական մի հոտի... գայլերը չորս կողմից հալածում են նրան. մայրերի ու գառնուկների մայունը խլացնում է ձորերը...
-Այդ հոտը կժողովե Աբասը, նա ավելի պիտանի կլինի այժմ երկրին` քան ես։
-Մի՛ ասիր այդ. մի՛ տար Աբասի անունը, հայոց թագավորը կենդանի է դեռ։
-Ո՛չ, նա մեռել է վաղուց, նա մեռավ այն օրը երբ Ցլիկ-Ամրամի երեսից փախուստ տվավ նվաստաբար...։
-Մի՛ ասիր այդ խոսքերը, մի հիշիր անցյալը, աղաչում եմ քեզ...։
Այս ասելով թագուհին բռնեց թագավորի ձեռքը և քնքշաբար նայելով նրա աչքերին, որոնք անթարթ ուղղված էին լուսնին, կամացուկ ձայնով մրմնջաց.
-Աշո՛տ. իմ մեծափառ թագավոր, իմ սիրեցյալ ամուսին. մի թույլ տար, որ ափխազուհին ծաղրե քո Սահականույշի հպարտությունը, թո՛ղ որ հայոց թագուհին յուր կոչման մեջ հանդիպե մահվան...։
-Ա՜խ... ինչպես քիչ ես ծանոթ իմ վշտերին...-շշնջաց թագավորը և դեմքը դեպի ծովակը դարձուց։
-Խոսի՛ր, եթե դեռ մի ուրիշ ցավ ունիս, բա՛ց արա իմ առաջ սրտիդ վարագույրը...։
Թագավորը չպատասխանեց. նա լուռ նայում էր ծովակին։
Եվ ի՞նչ պիտի պատասխաներ. ինչպե՞ս կարող էր նա յուր սրտի վարագույրը բանալ... այն վարագույրը, որի ետևը ծածկված էր վշտերից ծանրագույնը... Կարո՞ղ էր միթե ասել` թե ինքը դեռ մտածում է Սևորդյաց իշխանուհու, յուր հանցավոր սիրո թշվառ զոհի վրա... թե ծանոթ է նրա ընտանեկան տանջանքներին, թե լսում է ամեն վայրկյան նրա արտասվող սրտի անեծքը, նրա ոգետանջ հառաչանքները... Ինչպե՞ս կարող էր նա այլևս գահի վրա բազմել, փառքի ու