Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նոր ուխտ, կժողովեմ իմ շուրջը սուրբ գրոց աշակերտներ և հավատո ջահը կվառեմ Աղթամարում... Բավ է որքան աստանդական թափառեցի, գտնեմ այժմ մի անկյուն, որ կարողանամ իմ գլուխը հանգչեցնել։

-Եվ այդտեղ կավարտես քո Հայոց պատմությունը...-հիշեցրեց բռնավորը։

-Այո՛, այո՛, իմ պատմությունը, որ ցայսօր մնաց թերի... Որքա՜ն երախտագետ պիտի լինիմ քեզ, եթե ավարտեմ այն,-բացականչեց կաթողիկոսը։

Եվ այդ բանով նա այնպես ուրախացավ, ինչպես մի մանուկ, որ գտնում է հանկարծ յուր կորցրած խաղալիքները: Կարծես այլևս չէր մնում ուրիշ ցավ, որ կարողանար տանջել յուր հոգին կամ թե հայ ազգի դժբախտությունը պիտի վերանար, եթե նա յուր թերի պատմությունն ավարտեր։

Մի քանի օրից ետ կաթողիկոսը յուր հավատարիմներով ելավ Բագարանից և իջավ դեպի Երասխաձոր։

Ծննդոց անտառում սպասող հայ զինվորները տեսան հեռվից վեհափառի գալուստը և ուրախացան։ Նրանք արագ֊արագ հագան իրանց վարդապետական վերարկուները և վեղարները ծածկեցին։ Այդպիսով կազմեցին նրանք կղերականաց մի ստվար խումբ, որ փայլ պիտի տար հայրապետական գնացքին, եթե վեհափառը միանար նրանց հետ և այդպիսով մուտ գործեր Դվին։

Բայց որքա՛ն մեծ եղավ զինվորների տխրությունը, երբ կաթողիկոսը հայտնեց նրանց, թե ոստիկանն արդեն հասել է Դվին, հափշտակել է կաթողիկոսարանը և հետևում է իրան ձերբակալելու։ Հետևապես, չկարողանալով այլևս վերադառնալ յուր աթոռը և ոչ էլ մնալ Բագարանում, նա փախուստ է տալիս դեպի Վասպուրական` Գագիկ թագավորին ապավինելու։

Զինվորներն, իհարկե, տխրությամբ լսեցին այդ նորությունները, որոնք ոչնչացնում էին իրանց հույսերն ու գեղեցիկ ծրագիրները և տխրությամբ էլ բաժանվեցան վեհափառից։ Միակ մխիթարությունը, որ տանում էին իրանց հետ` այն էր, որ արժանացան կաթողիկոսի աջը համբուրելու: Նրանք վերադարձան Գեղա լեռները, որտեղից էլ Վահրամ