Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խմբի առաջնորդին, որ հասարակ մարդ չէր երևում, բայց հետևորդների հագուստից գուշակեց, որ Ոստանի կողմից էին եկողները։

Երբ հեծյալները հասան բերդի դռանը, նա ճանաչեց իսկույն Մարզպետունի իշխանին և դուրս գալով քարաշեն պատշգամբը` հրաման արավ իսկույն բանալ բերդի դռները:

«Ինչո՞ւ համար է նա գալիս այստեղ, ի՞նչ ունի այժմ ինձ հետ...»,-մտածեց ինքն իրան սեպուհը և չկարողանալով պատճառը գուշակել, ներս մտավ դահլիճը։

Գևորգ իշխանն իջնելով ձիուց` տեսավ դղյակի բակում տեղի ունեցող շարժումն ու պատրաստությունները և ինքն իրան շշնջաց.

«Մենք ուշացանք. նա արդեն հեռանում է...»։

Բարձրանալով դղյակի վերին դստիկոնները, իշխանն ամեն տեղ տեսավ ամայություն. -գորգերն ու զարդերը հավաքած, բազմոցները քակած, կանթեղներն իջեցրած, միով բանիվ` դղյակը բարեզարդությունից մերկացրած էր։

«Ինչո՞ւ այսպես շուտ, այս ձմեռ ժամանակ...»,-մտածեց ինքն իրան իշխանը և սակայն յուր հարցին պատասխան գտնել չկարողացավ։

Երբ մտավ սեպուհի մոտ, վերջինս նստած էր կրակարանի առաջ և քաշում էր յուր համրիչը։

-Դու այստե՞ղ, Մարզպետունի իշխան,-բացականչեց սեպուհը և դիմեց դեպի նրան մի բռնազբոսիկ ժպիտով, որ սակայն չէր մեղմում յուր դեմքի տխրությունը։

-Ինչպես տեսնում ես, տե՛ր սեպուհ, ես այստեղ եմ, եկա քո դղյակը հյուր, բայց դու երևի հենց դրա համար էլ մերկացրել ես նրան բարեզարդությունից։

-Աստված մերկացրեց, սիրելի իշխան։ Նա՛ խլեց իմ դղյակի թանկագին զարդը... -պատասխանեց սեպուհը դողացող ձայնով և սեղմելով իշխանի ձեռքը, տարավ և բազմեցրեց նրան կրակարանի առաջ։ -Նստի՛ր այստեղ, տաքացիր, ցուրտն անշուշտ նեղացրած կլինի քեզ, մեր Տավուշի ձորն առատ է բուքերով...-շարունակեց իշխանը և երկաթե ունելիքը վերցնելով սկսավ կրակը խառնել։