Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինձ,-ընդհատեց իշխանը դիտմամբ, կամենալով արգելել սեպուհի զայրույթը։

Վերջինս մի վայրկյան մնաց լուռ և ապա իշխանին դառնալով` ասաց.

-Ների՛ր ինձ, տե՛ր Մարզպետունի. ես գրգռվեցա. այդպես չպետք է անեի, այո՛, բայց... ի՞նչ ասեմ, հիվանդ եմ, սիրտս ու հոգիս ծածկված են վերքերով. իմաստությունն այլևս չի կառավարում իմ զգացումները...։

Այս ասելով` նա ծափ զարկեց և դռնապանը ներս մտավ։

-Ասա՛ թող ճաշ բերեն մեզ,-հրամայեց սեպուհը։

Ծառաներն իսկույն ջուր բերին, որով իշխանները լվացվեցան և ապա պաշտեցին ճաշը, որ կազմված էր մի քանի համադամ խորտիկներից։

Սեպուհը ճաշից ետ զբաղեցրեց հյուրին աննշան զրույցներով, որպեսզի առիթ չունենա նորեն գրգռվելու և իշխանի խաղաղ տրամադրությունը խանգարելու։

Բայց հետևյալ առավոտ նա խնդրեց Մարզպետունուն՝ հայտնել յուր առաքելության նպատակը, ըստ որում ինքը երկար չպիտի մնար Տավուշում։

-Ոստանում լուր առանք, թե դու միացել ես Գուգարաց և Տայոց իշխանների հետ, -խոսիլ սկսավ իշխանը,-և պայման դրել` հանձնել ափխազաց թագավորին Տայք, Գուգարք և Ուտի նահանգները։ Այդ լուրն անախորժ տպավորություն արավ արքունիքում, իսկ ինձ ուղղակի սարսափեցրեց։ Ես եկա խանգարելու այդ ազգավաճառ գործը։

-Դու ուշացել ես,-նկատեց սեպուհը սառնությամբ։

-Ինչպե՞ս թե ուշացել եմ։

-Այնպես: Մենք արդեն մեր գործն ավարտեցինք։

-Ինչպե՞ս թե ավարտեցիք։

-Հիշածդ նահանգները հաստատուն դաշնագրերով հանձնեցինք Բեր թագավորին, իսկ դրանց փոխարեն ստացանք նրանից զանազան կալվածներ Ափխազիայում։

-Ո՞ր իրավունքով արիք դուք այդ բանը։

-Այն իրավունքով, որ մեզ տրված էր հայոց թագավորից: