Էջ:Muratsan, vol. 4.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Ուրիշներն էլ կգրեն, Սեդա՛, ճշմարտությունը չի թաքչիլ... Բայց դու մեր զրույցի նյութից հեռացար:

-Հա, ա՛յն էի ասում, երբ դյուցազն ամուսինդ լսեց յուր հոր՝ Սմբատ արքայի մարտիրոսական մահը, Երնջակի առումը և Սյունյաց տիկնոջ, այլև ուրիշ ազատանի կանանց Յուսուփից գերվիլը, կայծակի արագությամբ իջավ Բագրևանդ։ Նա վառված, բորբոքված էր վրեժխնդրության բոցով։ Պետք է տեսնեիր դու նրան այն ժամանակ, երբ յուր զորքերով անցնում էր Գարդմանից։ Այդ օրերը դու մեծ տիկնոջ հետ հյուր էիր Խաչենում։ Ինչպես լեռնային մի հեղեղ, ինչպես գարնանազայր մի փոթորիկ, այնպես անցավ նա մեր դաշտերից։ Մեծ չէր յուր զորքի թիվը, ընդամենը վեց հարյուր հոգի. բայց նրանցից ամեն մինը կվաներ հարյուր հագարացի։ Բոլորն էլ հաղթանդամ, հաստաբազուկ, զրահազգեստ, երկաթակուռ վահաններով, հզոր նիզակներով, ծանր սրերով. ամենքի աչքերիցն էլ կրակ ու կայծակ էին թափվում, նրանց տեսնողը կա՛մ պիտի սարսափեր, կա՛մ ոգևորվեր։ Իսկ ինքը արքայորդին... կարո՞ղ եմ միթե նկարագրել,-կատարյալ հին դարերի մի դյուցազն։ Երբ գալարափողերը յուր գալուստը հայտնեցին և նա սյուների նժույգի վրա նստած՝ հառաջապահ գնդի հետ միասին մոտեցավ բերդին, Գարդմանը կարծես տեղից դղրդաց... Բոլոր ժողովուրդը շունչը բռնած` նրան էր հետևում, բոլորը մի աչք դարձած` նրան էին նայում։ Եվ քանի-քանի բերաններ այդ րոպեին օրհնանք կարդացին և բարեմաղթություններ արին նրա համար... Երբ դղյակի առաջ հասավ, իջավ ձիուց։ Այդ ժամանակ ահա՛ երևան եկավ բուն դյուցազնը։ Բարձրահասակ, թիկնավետ, թխադեմ, բայց գեղեցիկ կենդանի աչքերով, որոնց մեջ շողում էր բարություն՝ երբ խոսում էր մեզ հետ և փայլում կրակ` երբ զորքին էր հրամայում։ Հոր մահվան պատճառով նա սևազգեստ էր տակավին։ Չկար վրան ո՛չ ոսկու և ո՛չ արծաթի զարդ։ նույնիսկ սաղավարտը սև պողպատից էր. իսկ դեմքը համակված անուշ տխրությամբ։ Այնուամենայնիվ, այս բոլորը ոչինչ չէին պակսեցնում նրա առնական գեղեցկոլթյունից։ Սահակ իշխանի հետ գրկախառնվեցավ նա դղյակի