ճարտարապետական գաղտնիքները և հրճվում էր նրանց գովությունները լսելով։
Բայց այս բոլոր զբոսանքների ժամանակ Աբաս արքայի ուշադրությունը գրավում էին միայն Գագիկ Արծրունու ռազմական ամրությունները։ Նա գտնում էր, որ դրանց շնորհիվ է նրա երկիրն ազատ մնացել թշնամու ավերումներից, չնայելով որ այդտեղ բազմիցս արշավել էին թե՛ Յուսուփ ոստիկանը և թե՛ նրա տեղապահները։ Թեպետ Վասպուրականը բնությունից արդեն օժտված էր գեղեցիկ ամրություններով, այնպես որ, ոչ միայն Գագիկ Արծրունու նման բազմափորձ զինվորականը, այլև նրանից ավելի տկար մի իշխանապետ կտրող էր այդ ամրությանց ապավինելով՝ ապահովել երկիրը թշնամու հարձակումներից, բայց և այնպես, Գագիկ Արծրունին բնության տվածների վրա ավելացրել էր նաև յուր ստեղծագործությունները։ Վասպուրականի ամեն մի կիրճը, քարաբլուրն ու լեռնալաջը, վանքն ու մենաստանը նա դարձրել էր պաշտպանության վայր, ժողովրդյան ապաստանարան, իսկ բերդերն ու ամրոցները շինել էր անմատչելի։ Եվ ահա՛ այս պատճառով Վասպուրականի ժողովուրդը ավելի բարեվիճակ, վանքերն ավելի շեն, միաբանությունները բարեզարդ էին, քան թե Արարատյան երկրում։ Եվ Աբասն ինքն իրան մտածում, ծրագիրներ էր կազմում, որ յուր երկիրը դառնալուն պես ամեն ջանք գործ դնե յուր թագավորությունը նույն ձևով բարեկարգելու։
Սակայն Գևորգ Մարզպետունին բոլորովին այլ գործով էր զբաղված։ Նախ՝ նա մտածում էր Արարատյան ու հարավային իշխանապետությանց մեջ ստեղծած միությունն հաստատուն կապերով ամրապնդելու և երկրորդ` համոզել բոլոր միացած իշխաններին՝ հավաքական ուժով Դվնո վրա արշավելու, որպեսզի մայրաքաղաքը գրավելով մի անգամ ընդմիշտ օտար տիրապետության անհարազատ ազդեցությունը երկրի վրայից հեռացնե։
Այս նպատակով, ահա՛, նա շարունակ խոսում, հորդորում էր մերթ Աղձնյաց ու Մոկաց տերերին, մերթ Սյունյաց իշխաններին և հաճախ՝ Գագիկ Արծրունուն կամ արքայորդի Աշոտ-Դերենիկին։ Նա հարյուրերորդ անգամ կրկնում