Էջ:Muratsan, vol. 4.djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամբողջապես գտնվում է հրդեհի մեջ։ Նրա բարձրադիր ապրանքները` իրանց սյունազարդ սարավույթներով, գմբեթազարդ եկեղեցիները` փայլուն խաչերով և արաբական մզկիթի ու ոստիկանական տան ուղղաձիգ մինարեթների ոսկյա կիսալուսիններով` փայլում էին գիշերային խավարի մեջ մերթ պայծառ լուսով և մերթ քրքմագույն և տալիս քաղաքին մի տեսակ տխուր և խորհրդավոր կերպարանք։

Իսկ Դվնո բարձունքներից նայողի առաջ ուրիշ պատկեր էր բացվում։ Արքայական բանակը, որ պատած էր քաղաքը ամեն կողմից և որ ցերեկվա լուսով իսկ ահավոր էր երևում, գիշերվա մութին ավելի երկյուղ և սարսափ էր ազդում։ Խարույկների բոցածավալ լույսը կարծես թե կրկնապատկում, եռապատկում էր զորախմբերի թիվը, բազմաթիվ կրակների շուրջը կայթող և հաղթական երգերով օդը թնդացնող զորականի աղմուկը խռովում, անհանգստացնում էր պաշարյալ մահմեդականների սիրտը։

Դվնո հայերը, ընդհակառակը, գաղտնի հրճվանքի մեջ էին, թեպետ և չէին համարձակվում Երևան հանել իրանց ուրախությունը։ Այն միտքը, թե շուտով մահմեդականի բռնապետությունը պիտի վերջանա, թե գոռոզ հազարացին պիտի խոնարհի վերջապես արքայի հաղթական դրոշակի առաջ, նրանց սիրտը լցնում էր անսահման բերկրությամբ։ Եվ ամենքի շրթունքները մրմնջում էին աղոթքներ, մանուկ և ծեր, կին թե տղամարդ աղաչում էին աստծուն, որ այս վերջին անգամ էլ փառավորե յուր անունը` հաղթություն տալով հայոց խաչին և Լուսավորչա հավատին...:

Բայց ոստիկանը, որ յուր ապարանքի մինարեթից դիտում էր այդ մեծատարած խարույկները և տեսնում հայ զորքերի խաղերն ու պարը և լսում նրանց որոտաձայն երգերը, որոնք շարունակվում էին մինչև ուշ գիշեր, կատաղությունից, կարծես, ուզում էր խելագարվել։ Նա մտաբերում էր միմյանց ետևից իրան հասած անհաջողությունները, և այդ բոլորը վերագրում յուր զորապետի ու պաշտոնյաների անհոգության և անմտության, ուստի և հայհոյում ու անիծում նրանց։