ժպտում էր։ Տխուր էր միայն թագուհին, որովհետև տեղի ունեցող հանդեսը, հայ ժողովրդի ոգևորությունը և դրսից լսվող ցնծության աղաղակները յուր հայրենի երկրին, յուր հարազատ եղբորը հասած դժբախտության համար էր լինում։ Ինչպե՞ս կարող էր նա այդ րոպեին ուրախանալ, քանի որ գիտեր թե յուր հայրենիքում ժողովուրդը սգում է։
Այսուամենայնիվ, իբրև Հայոց գահի թագուհին, նա պարտավոր էր ծածկել յուր տխրությունը, երևալ ժողովրդին... և եթե չուրախանար իսկ, չպիտի խանգարեր ուրիշների ուրախությունը։ Եվ այդ ամենից ծանր դրությունն էր։ Դշխոյական պարտավորությունը բռնանում էր նրա բնական զգացմունքների վրա, թագուհին հրամայում էր քրոջը` մոռանալ եղբոր դժբախտությունը և հրճվել ամուսնու և թագավորի տարած հաղթանակով...։ Եվ միայն կնոջ սիրտը, որին բնությունն ավելի ճկունություն էր տվել, կարող էր տանել այդպիսի վիշտը` կամ ծածկել նրան ժպիտի շողերով...:
Երբ թագավորն սպարապետի, արքայազն դրանիկների և հետևորդ իշխանների հետ մտավ եկեղեցին և հոգևորականաց դասը գոհաբանական մաղթանք կատարեց, թագուհին մոտեցավ արքային և շնորհավորեց նրան հայոց բանակի հաղթությունը։
Թագավորը, որ խանդակաթ էր դեպի թագուհին, կարդաց նրա աչքերի մեջ հայտնի վշտից առաջացած տխրությունը և ասաց.
-Վկա է Աստված և այս սուրբ եկեղեցին, որ հայոց բանակը արդարությամբ է գործել։ Բեր եղբայրդ սպառնում էր իմ գահին և Հայրենիքի ազատության, իսկ հայոց քաջերը պաշտպանեցին այդ գանձերը, որովհետև իրանք ձեռք են բերել նրանց թանկ զոհաբերության գնով։
-Նա՛, որ սպառնում էր քո գահին ու Հայրենիքին, չի կարող իմ եղբայրը լինել,-ասաց թագուհին հանդիսաբար։
-Եվ եթե աստված չարաչար պատժե նրան, դու չպիտի տխրես,-հարեց թագավորը.-որովհետև նա արդարությամբ է հատուցանում։
Այդ խոսքերը դող հանեցին թագուհու սիրտը. նա զգաց որ մի ինչ-որ նոր դժբախտություն պիտի հասնե եղբորը, սակայն