ինչո՞ւ, չգիտեմ, ես այնպես էի համոզված` թե անպատճառ նրա ապագա ամուսինը պիտի լինիմ... Հպարտ, հանդուգն միտք էր այս, այնպես չէ՞. բայց իմ երազներն իրականացան... Արքայական դահլիճի ավագ դռան առաջ ընդունեց նա մեզ։ Եվ հանկարծ, ի՞նչ պատահեց ինձ, գիտե՞ս... այժմ եմ միայն կարողանում պատճառը բացատրել.-երբ արքայորդուն տեսա, կանգ առա մուտքից մի քանի քայլ հեռու. նա հորս հետ գրկախառնվեցավ, մորս ձեռքը համբուրեց, բայց ես չմոտեցա նրան. սպասեցի, որ ինքը հառաջեր դեպի ինձ... Ի՞նչ զգացում էր այս, Սեդա, կարո՞ղ ես բացատրել:
-Ինձ թվում է, թե Գարդմանա Տան տոհմական հպարտության զգացում և ուրիշ ոչինչ։
-Չէ, սխալվում ես. հոգիս երևի գուշակեց, որ նրա սիրտը, ուր կամենում էի մուտ գործել, գրաված է ուրիշի սիրով... և այդ էր պատճառը, որ այդ պերճահասակ, վեհադեմ, դյուցազնոգի և քաջությամբ ու իմաստությամբ այնքան հառաջադեմ արքայազնի հանդիպումն ինձ չճնշեց։ Սկզբում, ճշմարիտ է, իմ աչքերը գրավվեցան նրանով, մի քանի վայրկյան ես հափշտակված դիտեցի նրան, որովհետև ավելի գեղեցիկ և ավելի աննման էր, քան որքան նկարագրել էիր դու. բայց հենց որ յուր հայացքն ուղղեց ինձ, ես նորեն իմ նախկին հպարտ դիրքն ընդունեցի։ Սակայն նա մոտեցավ ինձ սիրաժպիտ և քաղցրահայաց. ողջունեց այնքան հարգանոք և այնպես վայելչաբար, որ ես իսկույն զինաթափ եղա...: Եվ մենք, մայր Սեդա, համարձակվում ենք հպարտությունից խոսել... Ի՞նչ, կի՞նը. մի՞թե կարող է նա հպարտ լինել, մի՞թե կարող է նա արժանապատվության զգացումով դյուցազնանալ։ Մի քաղցր հայացք, մի անուշ ժպիտ` այն տղամարդու կողմից, որին յուր սրտի խորքում սիրում է կինը, և, ահա՛, ամեն բան վերջացավ, նա կդառնա այդ տղամարդու և՛ գերին, և՛ ստրուկը... Այնպես չէ՞, Սեդա։
-Դժբախտաբար այդպես է, սիրելի թագուհի,-ասաց Սեդան խոր հառաչելով։
Խեղճ կինը, երևի, հիշեց յուր անցյալը և մտաբերեց նմանօրինակ դեպքեր յուր կյանքից։
-Արքայորդին առաջնորդեց մեզ դահլիճ, ուր նստած էր