Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ հետաքրքրական է. իրավունք են տալիս նրան կոտորելու, այդպես չէ՞։

-Անշուշտ: Բայց... Ի՞նչ էի ուզում հիշել, մոռացա... Սպասի՛ր... Հա, նրա հայացքը. այդ էի ուզում հիշել, Սե՛դա։ Չէ՞ որ նա ոչ ոքի չէր նայում, բոլորը կամենում էին նրա առաջին հայացքը հափշտակել. բայց ո՞վ էր այն ընտրյալր, որին արքան յուր անդրանիկ հայացքը պիտի նվիրեր. հայտնի չէր։ երբ եպիսկոպոսները սուրը մատուցին, և կաթողիկոսը բարձր ու հնչեղ ձայնով կարդաց «Ընկալ զսուրս զայս ի ձեռն է առաքելական եպիսկոպոսացս և սովաւ թագաւորեսցես ի փրկություն եկեղեցույ և ժողովրդեանս, որ ընդ ձեռամբ քո հովուին։ Ա՛ծ զսուր ընդ մեջ քո, Հզոր, և թագավորեա՛ այսու ճշմարատութեամբ, և բարձրասցիս սովաւ իր վերայ անիրաւաց և անհավատից և խնդրեսցես զրվէժ քո հայնցանէ, որք զչարն գործեսցէն... և փրկեսցես սովաւ զազգ քո և զեկեղեցի և օգնական լիցիս այրեաց և որբոց, և ազատարար գերելոց և մխիթարիչ վշտացելոց...» և այլն, թագավորը բարձրացրեց աչքերն առաջին անգամ և յուր հայացքը սևեռեց ինձ վրա... Ինձ թվաց, թե նա ասում էր ինձ. «Այս բոլորը քեզ հետ միասին պիտի կատարեմ...» Եվ ամենքն այդ տեսան, և շատերն ինձ նախանձեցին... Այո՛, նրա այդ միակ, ինձ բարձրացնող և հպարտացնող հայացքի համար արքայազուն իշխանուհիները իրանց կյանքը կտային. և սակայն նա միայն Գարդմանա օրիորդին ընծայեց այդ պարծանքը... Ի՛նչ էի զգում ես այդ վայրկյանին, չեմ կարող բառերով արտահայտել. երկինքը կարծես երկրի վրա իջավ կամ թե ես վերնային գավառները բարձրացա...

-Տեսնո՞ւմ ես, թագուհի, այդ բոլորը մոռացել էիր դու...

-Սպասի՛ր, մի՛ ընդհատիր ինձ... Այնուհետև, Սեդա, ես այլևս ոչինչ չէի լսում, բոլոր էությունս պատել էր մի երանական և հափշտակող զգացում։ Մայր-թագուհու շշունջը հանկարծ սթափեցրեց ինձ. ես նրա մոտ էի կանգնած. -Ծո՛ւնր իջիր ինձ հետ և աղոթի՛ր աստծուն, որ նա երկարե իմ և քո թագավորի կենաց օրերը, -ասաց նա ինձ մայրական սիրաշունչ ձայնով... Եվ մենք միասին ծունր իջանք. ես աղոթեցի