Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմ պարանոցը` ասաց. «Սա Վասիլ Արշակունի կայսեր ընծան է Աշոտ առաջնո թագուհուն. ես նվեր ստացա այս նրանից, և ինքս էլ հանձնում եմ քեզ` իբրև ապագա թագուհուն: Քո հաջորդը թող քեզնից ժառանգե այն և Արշակունյաց վերջին շառավիղի նվերը թող անկորուստ մնա Բագրատունի թագավորաց ընտանիքում»։ Այս ասելով գրկեց ինձ և ջերմագին համբուրեց։ Արդեն ամեն բան որոշված էր։ Ես ուրեմն արքայի նշանածն էի։ Այնուհետև, ինքդ կարող ես գուշակել, թե երջանկության ի՛նչ հովեր էին գուրգուրում ինձ Դվնո արքայական պալատում։ Բայց, ավա՜ղ, վախենում եմ հավատալ, թե այդ բոլորից միայն մնալու են քաղցր հիշատակներ... և այս մանյակը, որ առաջին անգամ գրկեց իմ պարանոցը կենացս ամենաերջանիկ վայրկյաններում...

Է

ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈԻՄ ՀԱՑ ԱԶԳԻ ԿՐԱԾ ԵՎ ՀԱՐՍ ԹԱԳՈԻՀՈԻՆ ԱՆՀԱՅՏ ՄՆԱՑԱԾ ԴԺԲԱԽՏՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ

Թագուհին լռեց։ Անցյալի քաղցր հիշատակները ոչ միայն չամոքեցին նրա վշտերը, այլ, ընդհակառակը, նորոգեցին դրանց։ Գլխակոր և ձեռքը ճակատին հենած` նա մի քանի վայրկյան մնաց լուռ. ապա սրտի հուզման ու հոգեկան խռովության դիմադրել չկարողանլով` սկսավ արտասվել։ Սեդան տեսավ այտերի ծորող արցունքները և մորմոքելով հարցրեց.

-Այդ ի՞նչ է, մեծափառ տիկին, մի՞թե արտասվում ես, ես կարծում էի, թե անցյալից խոսելով պիտի ուրախանաս, ընդհակառակը` տխրում ես...

-Մտածում եմ, թե այս բոլորը կորել է անդարձ... թե այն դյուցազնը, որի միայն մի հայացքը ինձ հպարտացնում, մի ժպիտը ինձ երջանկացնում էր, այլևս իմը չէ... և չպիտի լինի...

-Մի՛ ասիր այդ, թագուհի՛, մի՛ ասիր. եթե