Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավերելով` Ատրներսեհին խրատել: Վերջապես խռովությունները խռովություններ հարուցին։ Շատ իշխաններ էլ թագավորի խառնված դրությունից օգուտ քաղելով` սկսան իրար դեմ զինվել, հին տոհմական վրեժների ծարավը հագեցնելու կամ միմյանցից երկրներ հափշտակելու համար։ Այսպիսով բոլոր երկիրը տակնուվրա եղավ և թագավորը մնաց համարյա միայնակ։ Այս խռովությունների լուրը հասավ հագարացոց Յուսուփ ոստիկանին, որ սկզբում, Աշոտ թագավորի քաջագործություններից զարհուրած, կծկված էր Ատրպատականում։ Բավական ժամանակ էր ինչ նա յուր ատամները կրճտում էր Աշոտ թագավորի վրա, որովհետև չէր կարողանում յուր զորաց կոտորածը մոռանալ, բայց միևնույն ժամանակ վրեժ առնելու էլ առիթ չէր ներկայանում։ Թագավորը հաջողության մեջ էր և բոլոր իշխանները հետը միաբան։ Ի՞նչ կարող էր անել։ Բայց այժմ, երբ արդեն տեղեկացավ, թե հայ իշխաններից շատերը հեռացել են թագավորից և շատերն էլ միմյանց դեմ ելած ջարդում են իրար և միանալու միջոց չունին, հարմար առիթ համարեց թագավորի երկիրը արշավելու։ Իսկ թե այնուհետև հագարացիք ինչե՜ր կատարեցին մեր գավառներում, նկարագրելն անկարելի է։ Աստված չտա, որ այդպիսի տարիներ նորից վերադառնան։

-Բայց ինչե՞ր կատարեցին, Սե՛դա. քեզ ասացի, որ այդ ժամանակվա դեպքերից շատ քիչ բան գիտեմ։

-Օ՜, ո՞ր մեկը պատմել, ո՞ր մեկը հիշել... Այդ տարիների թշվառության պատմությունը գրքեր կլցնե. միթե ես կարող եմ բոլորը պատմել... Ինչպես սովալլուկ գազաններ ներս խուժեցին դրանք մեր երկիրը. դիմացները արգելք չգտնելով` ազատ-համարձակ տիրեցին որ տեղին որ կամեցան, գյուղերն ու ավանները քանդեցին, քաղաքներն ավերեցին, եկեղեցիները հրձիգ արին, ժողովրդի մի մասը կոտորեցին, մի մասն ուրացության ստիպեցին, ընդդիմացողներին նահատակեցին, իսկ շատերին գերի տարան հեռավոր երկրներ։ Ո՛չ մի գեղեցիկ կին կամ աղջիկ չազատվեցավ նրանց ձեռքից, պաշտպանող մայրերին սպանում էին աղջկերանց առաջ, հայրերին` որդիների առաջ, ստնտու կանանց գրկից հափշտակում էին ծծկեր երեխաները և գետին խփելով ջախջախում... ամեն տեղ