Էջ:Muratsan, vol. 4.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուր ձեռքն ունեցած պետական զորքերով անձնատուր եղավ Յուսուփին և նրա հետ միասին մտավ Դվին, իբրև ոստիկանի հլու հպատակը։ Մյուս կողմից էլ մեր կաթողիկոսը փոխանակ սրան և նրան դիմելու, իշխանները հաշտեցնելու և դրանց բոլորին միացնելով` թագավորին թև ու թիկունք կանգնեցնելու, երկիրը թողեց տագնապի մեջ, ժողովուրդը հուսահատության մեջ, զորքը` մահու և կյանքի հետ կռվելիս և ինքը յուր անձի անդորրությունը խնդրելով` հեռացավ Վրաստան, Ատրներսեհ թագավորի մոտ ապահովության մեջ ապրելու։ Ի՞նչ աներ այդ ժամանակ թագավորը. ի՞նչ կարող էր անել նա:

-Տե՜ր աստված. և այդ բոլորի մասին ինձ գրեթե ոչինչ չեք հայտնել... Ա՞յդ էր ուրեմն պատճառը, որ հայրս համարյա Գարդմանում չէր մնում, երբեմն գնում էր Սյունիք, երբեմն Գուգարք, երբեմն` Ոստանի կողմերը, մերթ փոքրիկ վաշտով, մերթ մի մեծ գնդով...

-Եվ քո անհանգիստ հարցերին հանգստացնող պատասխաններ էր տալիս. ասում էր, թե թագավորն զբաղված է Կարսա բերդը և Երազգավորսը ամրացնելով, թե Դվինի շուրջը նոր խրամ է փորել տալիս, թե ինքը յուր վաշտերով արքունական սահմանները շրջագայելու է գնում, և այլն, և այլն:

-Այո՛, և նրա այդ պատասխաններն ինձ հանգստացնում էին։

-Իշխանը հրամայել էր մեզ ամենիս ոչ մի տխուր լուր չհաղորդել քեզ. մանավանդ պատերազմի արհավիրներից բնավ չխոսել քեզ մոտ։ Աղախինները մի անգամ սխալվել` լուրեր էին բերել քեզ։ Մենք ամեն ջանք գործ դրինք սուտ հանելու լսածներդ։

-Հիշում եմ, այդ` Դվինում նահատակված երիտասարդների մասին էր։ Բայց ինչո՞ւ այդ բոլորը ծածկում էիք ինձանից։

-Որովհետև վերին աստիճանի դյուրազգաց էիր. ամենաաննշան կոտորածի լուրը լսելուց ժամերով լաց էիր լինում և երբեմն հոգեպես այնպես ընկճվում, որ ստիպված էիր լինում անկողին մտնել։

-Եվ իրավ, Սեդա, լավ է, որ այդ բոլորն այն ժամանակ չեք հայտնել ինձ. ես սրտի կսկծից կարող էի մեռնել...