սրան աշխատել, միացնել հայոց իշխանները թագավորի հետ, և հորդորել նրանց ընդհանուր ուժով դեմ դնել հասարակաց թշնամուն: Կաթողիկոսը այդ նպատակով շատ աշխատեց, բայց իշխաններն անսաստեցին նրա խրատներին և մերժեցին Վեհի խնդիրները: Վերջինս մինչև անգամ իջավ Տարոն և աշխատեց այդտեղի մի քանի հզոր իշխաններին հաշտեցնել իրար կամ թագավորի հետ, սակայն այդ աշխատանքն էլ անցավ ապարդյուն: Վերջն ստիպված եղավ յուր իշխանների ազգի համար անպատվաբեր հակառակության մասին զեկուցանել կայսրին և պատրիարքին, և նրանց օգնությունը խնդրել թագավորի համար ներքին թշնամիների դեմ: Օտարները արգահատեցին մեր թշվառության վրա և կայսրը հրավիրեց թե՛ թագավորին և թե՛ կաթողիկոսին գնալ յուր մոտ, որպեսզի անձամբ խորհրդակցեն իրանց անելիք օգնության համար: Կաթողիկոսը չուզեց գնալ, որովհետև վախեցավ, թե հայոց եկեղեցին հունաց եկեղեցու հետ միացնելու առաջարկություն կանեին իրար: Ուստի հրավերը չընդունեց: Բայց թագավորն այդպիսի բանից քաշվելիք չուներ, ուստի և յուր իշխաններով ու շքադիր խմբով ելավ գնաց Կոստանդնուպոլիս: Այնուհետև արդեն հայտնի է քեզ, թե ինչ փառավոր ընդունելություն արին նրան Բյուզանդիայում, թե ի՛նչ տոնախմբություններ կատարեցին հայոց թագավորի պատվին, թե ինչպե՛ս արքայական թագով ու ծիրանիով պսակեցին նրան, թե ի՜նչ մեծագին ընծաներով մեծարեցին թե՛ իրան և թե՛ յուր իշխաններին:
-Այո՛, այդ ամենի մասին պատմել է Գևորգ իշխանը,-հարեց թագուհին:
-Այս հաջողությունների լուրն արդեն բավական եղավ սթափեցնելու հայոց իշխաններին իրանց թմրությունից, -շարունակեց Սեդան։ -Բոլորը կարծես միաժամանակ ոգևորվեցան: Գագիկ Արծրունին Վասպուրականից սկսավ վռնդել հագարացիներին: Անձևացյաց և Մոկաց իշխանները` իրանց երկրներից հալածեցին Յուսուփա զորքերը: Հյուսիսային նահանգներից էլ մեր ասպատակներր քշեցին նրանց։ Այնպես որ Յուսուփը հանկարծակիի եկածի նման մնացել էր շվարած: