Էջ:Muratsan, vol. 5.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատիվը, համաձայնվեց այ պահանջին միայն մի պայմանով, այն է, որ Սևիկյանը ստանար Փիլարյանից առնվազն 500 ռուբլի. հակառակ դեպքում օրիորդն ինքը պիտի չոքեր ուսուցչանոցում ։

Սոփին պետք է վախենար այս պայմանից, բայց նա այն աստիճան էր հավատում միլիոներ Փիլարյանի առատաձեռնության, որ սիրով ընդունեց այս պայմանը և մատյանը կռան տակն առնելով՝ հեռացավ։

Մի քառորդ ժամից ետ նա արդեն կանգնած էր Փիլարյանի տան առաջ։ Հազիվ օրիորդը յուր քնքշիկ մատով էլեկտրրիկ հնչակի կոճակը խթեց, և ահա դուռը բացվեցավ, և նրա առաջ արձանացավ «կռոյի» դեմքով, բայց բարապանական կատարյալ համազգեստով մի դռնապան, որ անշնորհք քաղաքավարությամբ հայտնեց օրիորդին թե՝ տիկին և պարոն Փիլարյանները հենց իսկույն դուրս պետք է ելնեն տնից՝ այցելության գնալու համար։

Եվ արդարև, հազիվ դռնապանը յուր զեկուցումը տվավ, և ահա մի փայլուն ու փառավոր կառք, լծված անգլիական ահիպարանոց ձիերով՝ եկավ ու կանգնեց տան մուտքի առաջ։

«Անհարմար ժամանակ եկա», մտածեց ինքն իրան օրիորդը և չկամենալով պատահել այստեղ տանտերերին խույս տվավ դեպի մերձակա փողոցը, որոշելով այցելել նրանց մի երկու ժամից։

Հեռանալու ժամանակ նրա ուշադրությունը գրավեց Փիլարյանի շքեղ կառքը յուր փայլուն արտաքինով, մետաքսազարդ ներքինով և անգլիական ահավոր նժույգներով, որոնց աչքերից կրակ՝ իսկ ռունգերից ծուխ էր դուրս գալիս։

— Անկարելի է, որ այս հոյակապ տան մեջ ապրող և այս փառավոր կառքով պտտող մարդիկ փոքր ու գծուծ հոգի ունենան...— մտածեց օր. Սևիկյանը և հեռացավ։

Մի քանի վայրկյանից Փիլարյանների կառքը յուր ռետինե, անձայն անիվներով և ամեհի, արագաքայլ նժույգներով սլացավ վարժուհու առջևից։ նրա մեջ ձգված ամուսինների վրա օրիորդը նայեց բարեհաճ աչքով (որովհետև հավատում էր նրանց վեհանձնության) և ինքը յուր մեջ որոշեց, թե