— Ո՞րն է իմ հանցանքը, հայր սուրբ,— հարցրեց երեցը առանց վրդովվելու:
— Քո հանցա՞նքը... լսի՛ր, ես կհիշեցնեմ քեզ։ Այստեղ գտնվող բոլոր քահանաները իրենց ձեռնադրության օրից արդեն գիտեն՝ որ իրենք հասարակական որևէ գործի ձեռնամուխ լինելու համար նախ և առաջ իշխանավոր առաջնորդի հաճությունը պիտի խնդրեն...
Բայց մի՞թե ես թերացել եմ այդպիսի մի դեպքում,— ընդհատեց երեցը:
— Ձեր անապատում, ասում են, մարդկանց վարժեցնում են համբերության, բայց դու չես արդարացնում քո վարդապետարանի հռչակը,—հեգնեց վարդապետը և ապա շարունակեց.— այն օրից ի վեր որ ս. Թովմասի տասնյակ տարիներով փակված տաճարի դուռը հրաշքով բացվեցավ, Ագուլյաց առաջնորդական գահը, որի ժառանգորդն եմ ես, համարվում է նախաթոռ։ Գիտե՞ս դու այդ հրաշքի պատմությունը։
— Գիտեմ. այդ փակված դուռը բացվեցավ իմ վարժապետներից մեկի, Պողոս վարդապետ Մոկացու սուրբ աղոթքներով,— պատասխանեց տեր-Անդրեասը։
— Անկարելի է. այդ սուրբ վարդապետը չէր կարող լինել քո վարժապետը, կամ Պողոս Մոկացին,— բացականչեց առաջնորդը։
— Նա ինքն էր.— պնդեց երեցը։
— Ի՞նչ է ասում այս սնապարծը. — դարձավ վարդապետը մյուս քահանաներին։
— Այդպես է, հայր սուրբ. տաճարի դուռը բացվել է Պողոս վարդապետ Մոկացու ջերմեռանդ աղոթքով,—վկայեցին մի քանի ծերունի քահանաներ։
— Ես ինքս այդ ժամանակ նորընծա էի և այդ հրաշքին ականատես.— պնդեց Խցաձորի տեր-Հովսեփ քահանան։
Առաջնորդ վարդապետը, որ մի նորեկ էր և ոչ քաջ ծանոթ այդ պատմություններին, այլայլվեցավ, տեսնելով որ տաճարի դուռը բացող սուրբ հռչակված մարդը, որով ինքը կամենում էր պարծենալ, դարձյալ Հարանց անապատի անդամ և նույնիսկ տեր-Անդրեասի ուսուցիչներից է։ Նա մի