Էջ:Muratsan, vol. 5.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օրիորդը խոսքը վերջացնելու փոխարեն ձեռքի մատյանը երկարացրեց դեպի առաջ և մեկ էլ նորեն ետ ամփոփեց նրան:

— Այդ ի՞նչ է, ստորագրության մատյա՞ն:

— Այո՛, ինչպես գիտեք, գաղթականների թիվը հետզհետե ավելանում է քաղաքումս, օգնության հասնող ձեռքերը սակավաթիվ են. իսկ ձեռք բերված նպաստներն՝ աննշան.. հարյուրավոր տղամարդիկ, կանայք ու մանուկներ թափառում են փողոցներում քաղցած, բոկոտն և անպատսպարան... դրանք բոլորն էլ կարոտ են զորավոր ձեռքի օգնության, աննշան նվերները չեն կարող ընդհանուր աղետը դարմանել... այս մատյանը հանձնված է ինձ մասնաժողովի կողմից...

Օրիորդը տակավին շարունակում էր յուր ճառը, երբ տիկ. Փիլարյանը յուր արդեն բաց բերանը մի փոքր էլ բանալով, ընդհատ և, կարծես, ակամայից խոսող ձայնով ասաց.

— Ցավում եմ, որ անհարմար ժամանակ եք եկել... այժմ ես զբաղված եմ մի ընտանեկան ծանր խնդրով, որի անհաջող լուծումը մեծ հոգս պիտի պատճառե ինձ... բարեհաճեցեք վաղը շնորհ բերել... եթե ձեր բախտից հիշածս խնդիրը ըստ իմ ցանկության լուծումն ստանա, գուցե ավելի մեծ գումար ստորագրեմ...:

— Ներեցեք, խնդրում եմ... ես չգիտեի... ներեցեք... ես կերթամ. աստված տա, որ այդ ընտանեկան ծանր հոգսը ամենահաջող լուծումն ստանա...Եթե կհրամայեք, ես կարող եմ գալ մի քանի օրից...

— Ոչ. վաղը շնորհ բերեք։ Խնդիրը մինչև այն լուծված կլինի, — ասաց տիկինը։

Օրիորդ Սևիկյանը խոնարհ հարգանոք և շնորհալի ժպիտով ողջունեց տիկնոջը և դուրս գնաց։

— Ամեն ընտանիք ունի յուր հոգսերը, — մտածում էր նա սանդուղքից իջնելով. — Մենք այնպես ենք կարծում թե միլիոնատերը հոգս ու ցավ չունի, թե ամեն օր նրան շրջապատում են հրճվանք, խնդություն ու ծիծաղ: Բայց, ընդհակառակը, մեծ սարի վրա մեծ էլ ձյուն է նստում... ով գիտե ի՞նչ դժվարատար վիշտ է ծանրանում այժմ տիկին Փիլարյանի սրտին... և որքան զորավոր է այդ վիշտը, որ միլիոնը չի կարողանում նրան մեղմել...: