Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հագուստ սպասավորությամբ։ Դրանց հետ էին նաև Սյունյանց կուսանոցներից եկած միանձնուհիները, այլև, տեր-Անդրեասի աշակերտները, որոնք, հայ տնօրենների կարգադրությամբ, հագած էին ծաղկյա հարուստ շապիկներ և ձեռքերնին բռնած դեղնամոմի ճրագներ։ Աշակերտներից հետո գալիս էին գեղեցիկ պատանիների և երիտասարդուհիների խմբերը՝ շքեղապես զարդարված։ Ապա գուսանական պարերը (խումբ), կազմվված ամենաընտիր գեղեցկուհիներից։

Այս առաջին ու ընտրյալ խմբերին հաջորդում էին արհեստավորների դասակարգերը՝ իրենց բազմազան ու գույնրըզգույն դրոշակներով, ապա Սիսականում գտնվող զորքերը և վերջն՝ ամբոխասաստ մի բազմություն, որ գրաված ուներ ոչ միայն հարթավայրի տարածությունը, այլև մերձակա բլուրներն ու կարավանի ընդարձակ ճանապարհը։

Վեքիլն աշխույժ նժույգի վրա նստած և ֆարրաշներին հետևից ձգած անընդհատ անցուդարձ էր անում բազմության միջով, հրամաններ էր տալիս վերակացուներին և երբեմն Էլ քաղցրությամբ ու ժպտադեմ խոսում էր մելիքների, բեկերի և հոգևոր առաջնորդների հետ, սպասելով բոլոր ժամանակ թե ե՞րբ կերևա աոաջին սուրհանդակը, որ պիտի ավետեր շահի գալուստը։

Եվ ահա կեսավուր մոտ, Ջուղայի ճանապարհով արշավասույր ընթացող մի ձիավոր՝ ձեռքին բռնած դրոշը ծածանելով՝ հայտնեց ամենքին շահի մերձենալը։ Իսկույն ամբոխի մեջ բրդեց մի շշուկ, Ժողովուրդը տեղից խլրտեցավ և խումբերը սկսան տատանիլ ինչպես ալեկոծության մոտեցող ծովի կոհակներ։ Փողերն ու թմբուկները որոտացին և նրանց արձագանքը սկսավ մերձակա ձորերն ու լեռները թնդացնել։

Շուտով երևաց շահին ուղեկցող հեծյալների գունդը, որ արշավասույր դիմում էր Որտուատ, ապա արքայական ասպախումբը, որի առաջին հեծյալը ինքը հզոր Շահաբասն էր, նստած ահիպարանոց նժույգի վրա։ Նրան հետևում էին յուր մերձավոր իշխաններն ու գլխավոր զորապետները, որոնց գեղեցիկ զեն ու զարդը փայլփլում էր հեռվից իբրև ոսկեղեն միապաղաղ զանգված։ Դրանցից հետո գալիս էր Շահի հարեմը, զետեղված զանազան պատգարակներում, որոնք ծածկված էին