Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բայց ի՞նչ գանձի մասին է քո խոսքը,— ընդհատեց երեցը մի առանձին հետաքրքրությամբ։

— Եվ երբ մի բարիք յուր հարգը կորուսած է, կամ, գոնե, սիրելի չէ այնքան, որքան էր առաջ, լավ է որ այդ բարիքը տալով կյանքդ ազատես քան պահպանելով նրան մեռնես։ Մարդու մահվանից հետ, հո գիտես, նրա ունեցածը ուրիշներն են վայելում ։

— Բայց ասա վերջապես, ի՞նչ բարիքի մասին է խոսքդ։

— Այն, որն ըստ օրինի ինձ պիտի պատկաներ, բայց դու խլեցիր։

Երեցը հասկացավ չար պարսկի միտքը և վրդովվեցավ։ նրա դալկահար դեմքը շառագունեց և շրթունքները հուզմունքից դողացին։

— Անշուշտ գուշակեցիր որ Վարդենիի մասին է խոսքըս,— շարունակեց բեկը. այո, նա է քո փրկության գինը. նրան ինձ տալով՝ դու կազատվես կախաղանից։

— Բեկ.. բացականչեց երեցը խուլ ձայնով և, կարծես, զայրույթից խեղդվելով։

— Ի՞նչ, դու համաձայն չե՞ս. դու, մինչև անգամ, հուզվո՞ւմ ես. հարեց Շահռուխն այնպիսի մի եղանակով որ կարծես խոսում էր հասարակ մի վաճառքի մասին։

— Հրամայիր որ ինձ նորեն իմ արգելարանը տանեն, խնդրեց քահանան։

— Ես քեզ հետ խոսում եմ, իսկ դու արգելարա՞նդ ես վերադառնում։

— Ես չեմ կարող քեզ լսել։

— Թշվառական, դու չես կամենում մեծափառ շահնշահի սենեկապետին լսե՞լ... գոչեց Շահռուխը բարկությամբ։

— Հաճիր հրամայել որ ինձ հեռացնեն այստեղից, կրկնեց քահանան ավելի հաստատ ձյնով։

— Խորհուրդ եմ տալիս քեզ լսել ինձ. ես քո բարեկամն եմ. խոսեց բեկը՝ նորեն խաղաղելով.— հակառակությամբ ոչինչ ես շահիլ. որովհետև դու անզոր ես, իսկ ես զորավոր, դու գերի ես, իսկ ես՝ հրամայող։ Այն վայրկյանից որ այդ շղթաները ոտքերիդ զարկեցին, քո գույքն ու