ոտքերը կապված էին, կորցրեց հավասարակշռությունը և գլորվեցավ հատակի վրա:
— Այստեղ եկեք, դուրս հանեցեք այս անզգամին, քարշեցեք նրան շահի դուռը. թող նա այնտեղ, դահճի հարվածների տակ փչե յուր պիղծ հոգին... գոռաց Շահռուխն աղմկարար ձայնով և բանտապետն ու պահապանները ներս թափվեցան իսկույն։
— Այս անհավատ շունը ոչ միայն չի ուզում մեծափառ շահի հրամանը կատարել, այլև հայհոյում է Կըբլեյը–Ալեմին և մեր սուրբ ու մեծ Մարգարեին... դո՛ւրս հանեցեք սրան, դահիճներ կանչեցեք, վարոցներ պատրաստեցեք, թող այսօր ևեթ շանսատակ լինի սա, շարունակում էր Շահռուխը գոռալով և փրփրելով:
Պահապանները վեր քաշեցին երեցին կոպտաբար և անողորմ հարվածներ իջեցնելով նրա դեմքին, կրծքին ու թիկունքին, սկսան նորից ձեռքերը շղթայել և պարանոցն անուրներ անցցնել։ Ապա դուրս հանելով բանտի բակը, հանձնեցին նրան դահիճների ձեռքը։
Վերջիններս, Շահռուխի հրամանի համաձայն, առաջնորդեցին զոհին դեպի շահի դուռը։ Իսկ ինքը, բեկը, ձին աշտանակելով շտապեց արքայի մոտ. յուր այցելության արդյունքը նրան հայտնելու համար։
ԺԵ
Այն միջոցին որ դահիճները տեր–Անդրնասին շահի դուռը բերին, հայոց երևելիները իրենց առաջնորդի և քահանաների հետ միասին, գտնվում էին արքայական ապարանքի սրահում։ Նրանք եկել էին թողություն խնդրելու թշվառ կալանավորի համար։ Բայց մինչև նրանց թագավորին տեսնելը՝ Շահռուխն արդեն ներկայացել էր վերջինիս և հայտնել նրան թե՝ կալանավորը ոչ միայն արքայի հրամանը չէ կատարում և մահմեդականություն չէ ընդունում, այլև հայհոյում է վեհափառ շահին և մեծ փեյդամբարին. և թե այդ պատճառով ինքն հանձնել է նրան դահիճների ձեռքը թագավորի դուռը բերելու համար: