վռնդեն նրանց... Ինքդ դուրս գնա, խան, դարձավ շահն Ամիրգյունեին, և հասկացրու նրանց քաղցրությամբ որ ես իմ վերջին ու անդարձ հրամանը արձակել եմ արդեն:
Ամիրգյունեն իսկույն տեղից ելնելով՝ իջավ խնդրարկուների մոտ, սկսավ խոսել և համոզել նրանց, բայց կանայք այդտեղից հեռանալ չկամեցան։
— Բարի խանի հովանին թող անպակաս լինի մեր գլխից, դարձավ Սառան Ամիրգյունեին. շահի հրամանը հայտնի է մեզ. բայց մենք ցանկանում ենք որ մեր խնդիրը ևս հայտնի լինի նրան։ Հայտնիր շահին թե՝ նրան կամենում է տեսնել յուր մայրը... ասա որ ոչ մի որդի յուր դռան շեմքից չի հեռացնիլ մորը, առանց նրա խնդիրը լսելու։
Ամիրգյունեն կանգ առավ մի վայրկյան. և որովհետև ինքը ևս ցանկանում էր որ շահն ընդունե խնդրարկուներին, ուստի յուր հորդորը չշարունակեց. այլ վերադառնալով թագավորի մոտ՝ հաղորդեց նրան խոջա֊Անձրևի կնոջ խոսքերը։
— Իմ մա՞յրը.. ո՞վ է իմ մայրը, խան. ես նրան վաղուց եմ թաղել. մի գուցե զառանցում ես դու,— հարցրեց շահը զարմանալով։
— Ոչ, տեր իմ. այդտեղ մի կին քեզ յուր որդին է անվանում և պահանջում է որ դու չհեռացնես նրան քո տան շեմքից առանց յուր խնդիրը լսելու,— ասաց խանը, ձևացնելով՝ իբր թե, չէ ճանաչում Անձրևի կնոջը։
— Կանչիր նրան այստեղ.— հրամայեց շահը շաթիրին և վերջինս դուրս վազեց։
Մի քանի վայրկյանից հետո ներս մտավ Սառան, հետն ունենալով մի խումբ ավսարդ (տարիքավոր) կանայք և մի նորատի գեղեցկուհի. նրանք ամենքն էլ հագած էին հարուստ զգեստներ և ազատ էին քողերիցն, ըստ որում Շահը չէր սիրում որ կանայք յուր դեմը ելնեն են քողարկված։
— Սառա-խաթու՞նը... այդպես էլ գուշակում էի... իսկ դու, խան, մի՞թե չճանաչեցիր նրան,— հարցրեց թագավորը։
— Վաղուց է չէի տեսել, շշնջաց Ամիրգյունեն։
— Քանի վեհափառ շահը հյուր է մեր երկրում, խանի աչքերը չեն կարող հասարակ մարդկանց նշմարել. շահնշահի փառքը ստվերի մեջ է թողնում նրա ծառաներին ու աղախիններին,—