Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այնուհետև ամեն կողմ տիրեց խուլ շշուկ, «բերում են» խոսքը հնչեց իբր թնդյուն և ժողովուրդը հուզված՝ ծովի ալիքների պես, հորդան տվավ առաջ։

Բայց զինյալ վաշտերը անհոգ չէին այդ միջոցին, նրանք խռնվողներին ետ մղեցին իսկույն, որովհետև սկսան անխտիր հարվածել։ Խիզախողները, հարկավ, ետ փախան տագնապով և կախաղանի հրապարակը մաքրվեցավ ամբոխից։

Եվ ահա այդ ժամանակ դահիճները եկան կանգնեցին կախաղանի առաջ: Դահճապետը տեր-Անդրեասի թևից բռնելով՝ հանեց նրան փոքրիկ հողակույտի վրա, ամենքին տեսանեչի կացուցանելու համար։

Բյուրավոր աչքեր ուղղվեցան այդ վայրկենին դեպի անձնվեր երեցը, բյուրավոր սրտեր հառաչանք արձակեցին, տեսնելով նրան նիհար, դալկադեմ և դահիճներով շրջապատ։ Բայց հոգվո արիությունը չէր ընկճված նրա մեջ և այդ ցոլանում էր յուր դեմքի վրա։ Նա ողջունեց ժողովրդին քաղցր ժպիտով և ուրախացավ՝ լսելով նրա բերանից օրհնության մրմունջներ, որոնք ուղղվում էին յուր սիրելի անվանը։

Շուտով առաջ եկավ պատժարար վերակացուն, որ նստած էր աշխույժ նժույգի վրա և հանելով ծոցից շահի հրամանագիրը, բարձր ձայնով կարդաց։

Այդ հրամանագրի մեջ թված էին երեցի այն հանցանքները, որոց հետ պատմությանս ընթացքում ծանոթացանք, ապա որոշված էր այն անարգ պատիժը, որ կրում են այդ տեսակ հանցավորները: Դրա հետ միասին հիշատակված էր նաև շահի կողմից սպասվելիք ներումն ու վարձատրությունը եթե երեցը հանձն առներ քրիստոնեությունը թողնել և ընդունել մահմեդականություն։

Երբ հրամանագրի ընթերցումն ավարտվեց, առաջ եկավ պարսիկ կրոնապետը, որ մինչ այն կանգնած էր մեկուսի և սկսավ խոսել երեցի հետ։

— Քեշիշ. դու երիտասարդ ես և դեռ կարող ես երկար ապրել։ Կյանքը ամենամեծ շնորհն է, որ աստված է տվել մարդուն։ Անմիտ է նա, ով չէ կամենում օգտվել այդ շնորհից։ Լսիր դու ինձ, քեզանից ավելի տարիքով և փորձված ծերունուս. ընդունիր իմ խորհուրդը, որ բարի է և իմաստուն։ Այստեղ