Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրաման հայցելու։ Վարդենին զբաղված էր մի ուրիշ և, յուր կարծիքով, ավելի մեծ գործով...։ Թագավորի անօրեն բռնությունը, ազգին ու եկեղեցուն հասած անարգանքը և այդ ամենի առաջ անմռունչ խոնարհող հայերի փոքրոգությունը հանդուգն միտք էին ծնեցրել մանկամարդ կնոջ մեջ.— նա մտածում էր վրեժխնդիր լինել յուր շուրջը կատարվող բռնությանց համար...:

Բայց մի՞թե կարող էր։ Չէ՞ որ դա մի երազ, նյարդերի գրգռումից առաջացած մի ցնորք էր։ Ո՞վ էր կինը, ի՞նչ կարող էր անել նա...։ Մի՞թե բռնության այդ օրերում, երբ ամենից զորավոր բազուկները մնացել էին անշարժ, մի թույլ էակ պիտի հանդգներ վրեժխնդրության համար մտածել։ Հարկավ՝ ոչ։ Բայց և այնպես, Վարդենի տիրուհին զբաղվում էր այդ մտածությամբ։

Այն օրից սկսած որ նա երազում տեսել էր թե՝ Շահռուխ բեկը յուր գլխի զարդը պոկելով փախչում է, նա միշտ երկյուղի ու վարանման մեջ էր լինում, որովհետև գուշակում էր՝ որ այդ մարդն, անշուշտ, մի չարիք պիտի բերե յուր գլխին։ Եվ ահա, երբ այդ գուշակությունը իրականացավ, ծանրագույն վըշտերի հետ միասին՝ ծնունդ առավ նրա սրտում և այս տարօրինակ, կնոջ հոգուն անընտել զգացումը, որն և հետզհետե նրա ամբողջ էությունը գրավեց։ Մանավանդ երբ իմացավ թե շահը հրամայել է անթաղ թողնել նահատակին, թե նա մերժում է ամեն միջնորդություն, է՛լ տկար հոգին ապստամբեցավ բռնության դեմ. կնոջ քիչ մտածող գլուխը և շատ զգացող սիրտը համաձայնության եկան կատարելու մի գործ, որին չէին ժտում ձեռնարկել առնական խոհուն գլուխները, հեռատեսությամբ չափելով իրենց տկարությունը և հակառակորդի զորությունը և, հետևապես, խնայելով այն զոհերը, որ պիտի տային իրենց անխորհուրդ ձեռնարկությամբ։

Բայց մանկամարդ տիրուհին ի՞նչ ուներ կորցնելու։ Չէ՞ որ յուր միակ հարստությունը, միակ երջանկությունը, յուր փառքն ու պարծանքը առել տարել էին և նա այժմ նստած էր յուր տան ավերակների վրա... ավելի լավ չէ՞ր թողնել աշխարհը և գնալ յուր սիրած հոգու հետևից։ Եվ նա, այո, որոշել էր