Երբ կնոջ հոգեկան աշխարհը մի զորեղ ցնցումից ենթարկվում է հեղաշրջման (բարվո առթիվ լինի այն թե չարի), այլևս նախկին ունակությունները դադարում են նրա սրտի վրա իշխելուց. նոր զգացումներին առաջնորդում է նոր աշխարհայացք և նա հանգիստ խղճով գործում է այն ինչ որ բուռն զգացմունքները թելադրում են իրեն։ Այդ դեպքում հաճախ նա ոտք է կոխում ոչ միայն համեստության, այլև առաքինության վրա. կամ, ընդհակառակն, եթե երկչոտ է, արիություն է զգենում, և այդ բոլոր դեպքերումն էլ խիղճը մնում է խաղաղ, որովհետև զգացումները շշնջում են նրա ականջին թե՝ այժմ է նա միայն «լավագույնը» գործում։
Ահա այսօրինակ հոգեկան հեղաշրջման պետք էր վերագրել և մանկամարդ այրիի վարմունքը։
Երբ պառավը ավետեց Շահռուխին Վարդենի «հանըմի» համաձայնությունը, բեկն ուրախացավ և հիշեց իսկույն շահի՝ կանանց մասին հայտնած կարծիքը:— «Իմ տերը չի սխալվում, շշնջաց նա ինքիրեն, կնոջն, արդարև, կարելի է հրապուրել նույնիսկ յուր ամուսնու դագաղի առաջ...»։
Եվ բեկն իսկույն դերձակ կանչել տալով՝ հրամայեց որ մի ավուր մեջ խնդրված հագուստը պատրաստեն։
Հետևյալ առավոտ պառավը տիրուհուն հանձնեք մի կապոց, որի մեջ գտնվում էին թե պատրաստված շորերն, որոնք շահի թիկնապահների տարազն ունեին, և թե արծաթյա մի կամար, գեղեցիկ դաշույն և մի թեթև կաճյա, որով նորատի զինվորականը պիտի ծածկվեր։
Այս ամենը տեսնելով տիրուհին հրճվեցավ. նա, մինչև անգամ, մոռացավ յուր վիշտը, ընդունելով թե՝ վրեժն արդեն լուծված է։
Այնուհետև նա սկսավ յուր կատարելիք գործի համար պատրաստվիլ: Եվ թեպետ յուր կյանքում սուր չէր առել ձեռը և չգիտեր իսկ թե՝ ի՛նչպես պետք է հարվածել՝ մահ պատճառելու համար, այսուամենայնիվ համոզված էր թե պիտի սպանե Շահռուխին, որին յուր դժբախտության միակ պատճառն էր համարում։
Բայց որպեսզի յուր հարվածի մեջ չվրիպե, նա կանչեց