Էջ:Muratsan, vol. 5.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1

ՆԱԽԿԻՆ ԱԶԳԱՍԵՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Ձեզանից շատերը չգիտեն, թե վիպասանները երբեմն ի՞նչ տարօրինակ նախապաշարումներ են ունենում։ Մարդկային սրտի խորքը թափանցելու անժույժ ցանկությունը շատ անգամ նրանց մոլորության ծայրն է տանում։

Բայց արի տես, որ նրանցից ոչ ոք չէ խոստովանում տյդ։ Այս մասին ես հաճախ վիճել եմ իմ լավ բարեկամ և, միևնույն ժամանակ, երդվյալ վիպասան պարոն Սեղբոսյանի հետ. բայց և այնպես, չեմ կարողացել համոզել նրան։

— Մենք հոգեբաններս (նա միշտ այդ անունն է տալիս իրան), սխալվել չենք կարող,— ասում է նա,— որովհետև երկնքից տված է մեզ շնորհ՝ գուշակելու այն ամենը, ինչ որ կատարվում է մարդկային սրտի ծածուկ խորշերում։ Մի քաղցր ժպիտ, մի կրակոտ հայացք, մի թույլ դիմախաղ... և գաղտնիքների վարագույրը բացված է մեր առաջ... թող ոչ ոք չփորձե մեզ խաբել կամ մեր հայացքը մոլորեցնել։ Մենք գիտենք թե ով է երջանիկ և որի սրտումն է դարանում դժոխքը...

Այս համոզմունքն ունենալով յուր մասին, պ. Սեղբոսյանը շատ անգամ տարօրինակ եզրակացություններ է հանում ամենապարզ իրողություններից։ Այսպես օրինակ, եթե պատահում է մի տիկնոջ, որ տխուր և մտախոհ գնում է յուր ճանապարհով, նա իսկույն կանգ է առնում փողոցի մեջ և ցուցամատը դնում ճակատին: