Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Խի՞ եք ըդենց ասում, որդի,— հարցրեց քահանան այնպիսի մի ճնշված ձայնով, որ ես խղճահարվեցա։

— Որովհետև դու տգետ ես,— պատասխանեց Պետրոսը կոշտ սառնասրտությամբ։

— Այդ արդեն չափազանց է, պարոն,— նկատեցի կամացուկ և միևնույն ժամանակ վրդովվելով։

— Ընդհակառակը դեռ քիչ է,— հարեց Պետրոսը և ապա դառնալով քահանային հարցրեց.— Դու նեղանո՞ւմ ես, որ ես տգետ եմ ասում քեզ։

— Խի եմ նեղանում, որդի, ջահել ես, ասում ես, որ ահիլ (հասակավոր) լինիս, կմտածես, թե էս մարդն ի՞նչ մեղավոր ա, որ աստոծ սրան անուսում ա ստեղծել։

— Ինչո՞ւ, աստված ո՞րին է ուսումով ստեղծել։

— Ոնց թե որին. ա՛յ, մինը հենց քեզ, մինն էլ քո ընկերին, հրեն քաղաքն էլ լիքն ա ձեզ նմաններով։

— Մենք էլ քեզ պես անուսում ենք ծնվել, բայց հետո մեծանալով, աշխատել ենք, չարչարվել և ուսում առել։

— Խի՞ ես ըտենց ասում, Պետրե ջան,— մեջ մտավ մեր հույրընկալը.— թե որ քու հերը, Ակոբ աղան չըլեր, դու ո՞նց կարիր հուսում առնիր:

— Այ, քու հորն օղորմի, ա՛ Մուք, մի ըտենց խոսա՛, է՜, տեսնում ես՝ քու դերին նեղն են լծել,— քաջալերեց քահանան գյուղացուն և ինքն էլ, կարծես, սիրտ առնելով, դարձավ Պետրոսին.

— Հը՛, ըստուր ի՞նչ պատասխան ունես, դե տո՛ւր։

— Ի՞նչ պատասխան պիտի ունենամ։ Իմ հայրը, իհարկե, վճարել է իմ ուսման վարձը, բայց ես էլ հո աշխատել ու չարչարվել եմ, օրերս պարապ չե՞մ անցրել:

— Դե լավ, հմի լսի՛ր։ Քո հերը փող ա ունեցել, քեզ կարդացրել ա, բա իմ հերը, որ փող չուներ, ո՞րդիան կարդացներ։ Ինքը մի խեղճ նախրապան ա լել, քարով, կարկուտով (մեծ դժվարությամբ) մի կտոր հաց ա ճարել, մեզ ուտացրել, մի գազ կտավ ա գտել, ծակել, մեր ճիտը գցել, վերջն էլ հանդումը շատ բաց պառկելուց, արևի ու անձրևի հետ կռվելուց ու հազար ու մի չարքաշութին անելուց հիվանդացել, մեռել ա ու մեզ էլ անտեր, անտիրական թողել։