— Զեզանից յուրաքանչյուրի պաշտպանած տեսակետն էլ բանավոր է. բայց ես, պարոններ, խորհուրդ եմ տալիս ձեզ՝ երբեք չհետաքրքրվել գաղտնիքներով։
— Ինչո՞ւ, Վասիլ Իվանիչ, ինչո՞ւ. բացատրեցեք խնդրում ենք. անշուշտ դրա համար դուք ունիք ավելի հարգելի պատճառ,— հարցրին երիտասարդները հետաքրքրությամբ և վեր կենալով տեղերից, աթոռ առաջարկեցին կառավարչին։
Վասիլ Իվանիչը, որ յուր բարեխառն բնավորության շնորհիվ հարգված անձն էր այդ ավանում և հաճախ նման շրջաններում գտնվելով՝ սիրում էր բարի խորհուրդներ տալ երիտասարդներին, այս անգամ ևս հաճությամբ ընդունեց առաջարկված աթոռը և նստելով երիտասարդների հետ, ասաց․
— Գաղտնիքներով հետաքրքրվիլն, առհասարակ, անքաղաքավարություն է։ Դա կանանց թուլություններից մինն է, հետևապես և տղամարդուն ավելի քան անպատշաճ։ Եթե ձեզ անհաճո է լինում երբ ուրիշները զբաղվում են ձեր գաղտնիքներով, ապա ուրեմն իմացեք, որ ձեր հետաքրքրությունը ևս անհաճո կթվա ուրիշներին։ Ամեն ոք ցանկանում է միայնակ ապրիլ յուր գաղտնիքների հետ։ Այդ պատճառով էլ բարեկիրթ մարդը չի հետաքրքրվիլ ուրիշի գործով, եթե սա այդ չէ կամենում, և, նույնիսկ, չի առաջարկիլ դիմացինին այնպիսի մի հարց, որին պատասխանելն անհաճո լինի նրա համար։ Այս արդեն խնդրի բարոյական կողմն է։ Գալով դրականին, պիտի ասեմ, որ գաղտնիքներով հետաքրքրվելը միշտ բարիք չի բերիլ մեզ։ Երբեմն ընդհակառակն — նա կպատճառե այնպիսի մի չարիք, որից ազատվելու համար չի բավիլ, նույնիսկ, մեր ամբողջ կյանքը։ Եվ որովհետև ավելի լավ է բարիքից զուրկ մնալ քան չարիքի հանդիպել, ուրեմն զգուշացեք ավելորդ հետաքրքրությունից։ Այդ կարևոր է, մանավանդ, մոտիկ անձանց հետ ունեցած ձեր հարաբերության ժամանակ։
— Ի՞նչ չարիք կարող է հասնել ինձ, օրինակ, եթե ես հետամուտ լինիմ իմ մի բարեկամի գաղտնիքն իմանալու,— հարցրեց երիտասարդներից մինը։
— Այդ մի անորոշ հարց է, որին դժվար է պատասխանել,— նկատեց կառավարիչը: — Նախ՝ պետք է իմանալ թե՝