Էջ:Muratsan, vol. 5.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ինձ համար կազմում էր զվարճություն, վերջերում դարձավ, գրեթե զբաղմունք։ Բացի այն, որ այդ առթիվ շատ խոսում ու կատակներ էինք անում ծառայակիցների շրջանում, նույնիսկ, մեր տան խոսք ու զրույցը հաճախ վերաբերում էր այդ նյութին։

Մեր տուն ասելով, իհարկե, պիտի հասկանաք ինձ և Յուլիային։

Բայց ներողություն. վերջինի մասին դեռ ոչինչ չեմ ասել ձեզ։

Յուլիան իմ կինն էր։ Մի բարի, ազնիվ և գեղեցիկ արարած։ Նրա հետ ես ծանոթացել էի դեռ ա՛յն ժամանակ, երբ ես նոր գիմնազիոնն ավարտած՝ մտել էի ծառայության, իսկ ինքը տակավին շարունակում էր ուսումը։ Չնայելով, որ ես հարուստ չէի, այսուամենայնիվ, Յուլիայի մայրը համաձայնվեց տալ ինձ յուր աղջկա ձեռքը, երբ իմացավ, որ վերջինս սիրահարված է ինձ վրա։ Եվ որովհետև իրենք էլ միջոցներից զուրկ էին, ուստի վեցերորդ դասատան ուսումը բավական համարվեց օրիորդի համար և ամառային մի գեղեցիկ օր մենք պսակվեցանք։

Գուցե դուք կկամենայիք, որ, իբրև միջանկյալ, ես նախ պատմեի ձեզ թե՝ ինչպե՞ս ծանոթացանք մենք ինչպե՞ս սիրեցինք իրար, ի՞նչ ձևով սիրո առաջին խոստովանությունն արինք ևն, ևն. բայց դրանք ավելորդ են։ Մենք էլ սիրեցինք այնպես, ինչպես ուրիշները։ Եվ թեպետ ամեն սիրող չի խոստովանիլ ձեզ այդ, առարկելով որ յուր սերը բոլորովին ուրիշ, կամ նույնիսկ եզակի եղանակով է ծնունդ առել և զարգացել, թե յուր սիրահարությունը բանաստեղծներից երգելու արժանի պատմություն է ունեցել ևն... բայց այդ ամենը երևակայություն է։ Սիրո հիվանդությամբ, առհասարակ, մարդիկ վարակվում են միատեսակ։ Պատահում է, իհարկե, որ մինի տենդը սաստիկ է լինում, կամ երկարատև, իսկ մյուսինն ընդհակառակը, այսուամենայնիվ հիվանդության հետևանքը լինում է միևնույնը։ Ուրեմն այդ մասին չերկարելով հանդերձ, պիտի խոստովանեմ, որ ես, արդարև, երջանիկ էի Յուլիային ընտրելով։ Բացի յուր բարությունն ու աննման գեղեցկությունը, նա էր, միևնույն ժամանակ, սիրող ամուսին, հավատարիմ