այն ժամանակ, երևի, ստիպված էլ չէր լինի, ինձ, իբրև խելագարի, ուղարկել ձեզ մոտ։ Բայց չարավ։ Նրանց զբաղեցնում է միայն խնդրի արտաքինը և այդ պատճառով էլ իրանց որոշումները կապ չեն ունենում ներքինի հետ։ Ինչ որ է, ես հոժարությամբ կպատմեմ ձեզ այս դեպքը, հուսալով որ դուք իբրև բժիշկ և հոգեբան, ավելի լավ կըմբռնեք ինձ և կբացատրրեք թե ի՞նչ է նշանակում այս: Միայն թե նախ իրավունք տվեք ինձ ծանոթացնել ձեզ մի փոքր իմ անցյալի հետ։
— Խնդրեմ, խնդրեմ, ես սիրով կլսեմ ձեզ։
— Ես, պարոն բժիշկ, աղքատ ծնողների զավակ էի, ուստի հազիվ կարողացա թեմական դպրոցի ուսումն ավարտել:
Եվ որովհետև դիտավորություն ունեի քահանայանալ, այդ պատճառով պաշտոն ստանձնեցի եկեղեցում և սարկավագություն ստացա։ Բայց քահանայանալս ուշացավ, որովհետև քահանայացնողն ինձ չի սիրում։ Բացի այդ, սրբազանի առաջ հարգ վայելող պաշտպան էլ չունեմ, որ բարեխոսե իմ մասին։ Այսուամենայնիվ, ես չեմ վհատում, հուսալով, թե մի օր իմ արժանիքը, գուցե, միջնորդե իմ մասին...
Բայց այդ թողնենք։ Այժմ այն ասեմ, պ. բժիշկ, որ ես հաց աշխատելու համար չէ, որ քահանայանում եմ, այլ նրա համար, որ այդ պաշտոնը գրավում է ինձ և որ դրանով եկեղեցուն, հետևապես և ժողովրդին լավապես ծառայելու կոչումն եմ զգում իմ մեջ։ Որ այդ իմ հոգվո բնական հակումն է, ապացույց՝ որ ես առաջին ու միակ մարդն եմ, որին գրավում ու զբաղեցնում է եկեղեցին այնպես, ինչպես ուրիշներին՝ աշխարհային զվարճությունները։ Մինչդեռ իմ ընկերները հազիվ հասնում են ժամերգության և օրհնալ եղերուքր չլսած՝ թողնում են եկեղեցին, ես, ընդհակառակը, դեռ ժամերգությունը չսկսած՝ ժամ առաջ արդեն այդտեղ եմ և զբաղված գործով, այսինքն նայում եմ տաճարի կարգավորության, մաքրել եմ տալիս փոշիները, ուղղում աշտանակներն ու պատկերները, կարգի բերում եկեղեցական սպասները. պատրաստում մոմերը, դպիրների շապիկները, քահանաների փիլոնները և այլն։ Իսկ ժամասացությունիցն ետ՝ դարձյալ մի ժամաչափ մնում եմ այնտեղ, նորից ամեն բան յուր տեղը դնում և ապա թե դուրս գալիս եկեղեցուց։ Ինչ տոներին