է մանկությունից յուր շահերը խնամել, իսկ ով յուրացրել է այդ բնավորությունը, նա թույլ չի տալ կանանց մոտենալ իրեն, որվհետև նրանք թշնամի են, առհասարակ, «անհատական» կոչված մեր բոլոր շահերին։ Ունենալով հարաբերություն ամեն երկրների նշանավոր տների հետ, նա վաստակել է մեծ հավատարմություն, և ուրեմն նրա « այո»-ն այո է և «ոչը»՝ ոչ: Հետևապես, կինը չի կարող «ոչ» ասել տալ նրան այն բանի համար, որի մասին նա կանխավ ասել է «այո՜»։ Եթե դրա վրան էլ ավելացնենք այն, որ պ. Փուլշատյանը ոտք է դրել արդեն «վաթսունամյա» կոչված պատկառելի տարիքին, մի հասակ, որ մարդուն տալիս է փորձառություն և իմաստություն, որ վարժեցնում է նրան համբերության ու խոհեմության, որ չափավորում է բնական աշխույժն ու ցանկական կրքերը, այն ժամանակ արդեն կհամոզվեք թե, արդարև, Փուլշատյանի անունը տալով՝ ես մատնացույց եմ արել հենց այն տղամարդուն, որի վրա կինը չի կարող ազդել։ Իսկ այդպիսի տղամարդիկ շատ կան աշխարհում։
— Այսուամենայնիվ դուք առաջ չբերիք և ոչ մի փաստ. դուք միայն գովեցիք Փուլշատյանին, իսկ այդ չի կարող մեզ համոզել,— նկատեց Միսակյանը ծիծաղելով։
— Ի՞նչ. ուրեմն սրանք փաստեր չէին. ուրիշ ի՞նչ եք կամենում,— բացականչեց պ. Մաստակյանը այնպիսի մի տոնով, որ տանտիրուհին վախեցած թողեց յուր սուրճը և վազելով ամուսնու մոտ՝ խնդրեց նրան չափավորել յուր հուզմունքը։
Տիկնոջ միջնորդությունը անհետևանք պիտի մնար, եթե հյուրերից մինը, որ այդ րոպեին պատշգամբի մի կողմը քաշված՝ սև սուրճի փոխարեն՝ դեռևս կարմիր գինի էր վայելում և ընդնմին Հավաննայի սիգարը ծխում, օգնության չհասներ խաղաղասեր տանտիկնոջը։ Դա պարոն Արտոսյանն էր, տեղական լրագրերից մինի խմբագիրը, որ սիրում էր հաճախ կարդալ խմբագրական հոդվածներ յուր մտերիմների շրջանում:
— Որովհետև խնդիրը փաստերի վրա է, թույլ տվեք ինձ, պարոններ, ներկայացնել ձեզ մի իսկական փաստագիր,—