Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ահա՛ թե ինչով...— Եվ պարոն փաստաբանը արտասանեց մի փոքրիկ ճառ, որով լիուլի ծանոթացրեց Փուլշատյանին յուր արդի դրության և ապագայում գալիք հավանական անհաջողության հետ և ի վերջո, խնդրեց նրան՝ թույլ տալ իրան օգտվել յուր կառքի պարապ տեղից։

— Օ՜, ամենայն ուրախությամբ. շնորհ արեք միայն ընկերակցել ինձ. դրանով դուք շատ մեծ հաճույք կպատճառեք ինձ...— պատասխանեց Պյոտր Ալեքսեիչը և սիգարի տուփը մեկնեց դեպի փաստաբանը։

Գործը վերջացած էր։ Մնում էր միայն որոշել ժամը՝ թե ե՞րբ պիտի գնան կայարան։

— Վաղը, ժամը 2-ին ես այնտեղ կմտնեմ իմ պատվերը կրկնելու, որպեսզի չմոռանան ձիեր պահել մեզ համար․ այդպիսի զանցառություններ անում են նրանք,— խոսել սկսավ պ. Փուլշատյանը.— իսկ 5-ին նորից կգամ՝ ճանապարհվելու համար։ ճիշտ այդ ժամին էլ հաճեցեք դուք գտնվել կայարանում, որպեսզի չուշանանք։

— Ես կգամ քառորդ ժամ աոաջ,— պատասխանեց Մարուքյանը և սրտագին շնորհակալություններ անելով Պյոտր Ալեքսեիչին, դուրս եկավ նրա մոտից։

«Ահա՛ թե ի՞նչ դեպքի համար են ասել՝ «Нет худа без добра» մտածեց ինքն իրան պ. փաստաբանը և շնորհակալ լինելով յուր բախտից՝ քայլերն ուղեց դեպի յուր գեղեցկուհու Մարիա Իվանովնայի բնակարանը։

Նա այդտեղ պատմեց սիրուհուն թե՝ ի՞նչ վտանգ էր սպառնում իրեն ժամ առաջ, և թե ի՞նչ եղանակով ինքն այդ վտանգի առաջն առավ։ Միևնույն ժամանակ նա պարծեցավ, որ պ. Փուլշատյանը, այդ նշանավոր հարուստը, մեծ պատիվ համարեց իրեն՝ ուղեկից ունենալ պ. փաստաբանին.— նա ծանոթ է իմ ուժի հետ և գիտե թե՝ ի՞նչ բանում կարող եմ փրկության հրեշտակ լինել յուր համար ավելացրեց Մարուքյանը:

— Բայց մի՞թե դու այդքան մտերիմ ես այդ մեծատան հետ,— հետաքրքրությամբ հարցրեց Մարիա Իվանովնան։

— Ինչպե՞ս չէ. մենք մինչև անգամ եզակի ենք խոսում իրար հետ,— պատասխանեց փաստաբանը պարծենալով․ և,