Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետևից: Ամենքը սկսան նայել նրա վրա, ամենքի դեմքերը պայծառացան, իսկ կանանց սրտերը, ինչպես միշտ, սկսան նրա շուրջը թևապարել:

Այդ եկեղեցում, ինչպես տեսանք, տեր-Անդրեասից զատ կային և ուրիշ երկու քահանաներ, բայց ժողովուրդը խռնվում էր եկեղեցի, ասես թե առաջնի պատճառով, կամենում էր տեսնել միայն նրան. լսել միայն նրա ձայնը, աղոթել նրա հետ։ Երբ նա յուր սաների ձայնակցությամբ սկսում էր երգել, ամենքը զմայլվում, հոգիանում էին. ամենքի մեջ էլ զարթնում էր ջերմեռանդություն, և այդ ոչ թե նրա համար որ նա երգում էր ավելի անուշ ու ախորժ ձայնով, այլ նրա համար, որ ժողովուրդը գիտեր, ճանաչում էր նրան, ճանաչում էր նրա սիրտը, հոգին, գործերը... այդ պատճառով նրա աղոթքն ու երգը շարժում էր ժողովրդի սիրտը։ հափշտակում էր հոգին։

Մի մարդ միայն չէր կարողանում տանել այդ ամենքից սիրված անձին, չէր կարողանում տեսնել նրան առանց ներքին տհաճության.— դա տեր-Սարգիսն էր։ Երիտասարդ քահանայի հաջողությունները, որոնք կայանում էին նրա օրըստօրե ժողովրդին սիրելի դառնալու մեջ, հանգիստ չէին տալիս իրեն։ Տեր-Անդրեասի բոլոր գործերի մեջ նա տեսնում էր միայն չարիք ու վնաս. նրա պարկեշտ վարքը, նրա առաքինությունը նա համարում էր ստության և կեղծավորության դիմակ. նա չէր հավատում նրա սրտի սրբության, և այդ պատճառով էլ աշխատում էր որ ժողովուրդը նույնպես չհավատա, չխաբվի։

Երբ ժամերգությունը վերջացավ և ժողովուրդը դուրս եկավ եկեղեցուց, տեր-Անդրեասը նույնպես հավաքեց աշակերտները և դուրս գնաց։ Բայց բակում դեռ կանգնած էր բավական ժողովուրդ և սպասում էր յուր սիրելի քահանային: Նա կամենում էր կրկին անգամ տեսնել նրան և լսել նրանից մի քանի խելոք կամ մխիթարական խոսքեր։ Չէ՞ որ այդ ժողովուրդը ապրում էր չար ժամանակում և ամեն օր ունենում էր նոր ցավ, նոր վիշտ։

Ամեն անգամ երբ տեր-Սարգիսը տեսնում էր յուր պաշտոնակցին ժամավորներով շրջապատած, նախանձի կիրքը