Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ոչինչ էլ չէ անում, այլ երևեցնում է։ Նա ունիթորների գործակատարն է, ուրիշ ոչինչ։ Տեսնո՞ւմ ես, Մատթեոս Երազմոսը գաղտնի այցելություններ է անում նրան․ իսկ մեզ, մինչև անգամ, չի բարևում. ի՞նչ գաղտնիք է սա. ինչո՞ւ չես խելամտում ...:

— Տեր-Սարգիս, ես ոչ կռվելու, ոչ հակառակելու ախորժակ ունիմ. գնա ուրիշին պատմիր այդ նորությունները. ցուրտ է, ես շտապում եմ տուն. մնաս բարով, աստված խաղաղություն տա սրտիդ...— ասաց տեր-Հովսեփը և կամացուկ քայլերով խոտորեց դեպի յուր տան ճանապարհը։

— «Ողորմելի արարած...»,— շշնջաց տեր-Սարգիսը ծերունու հետևից և ինքն էլ ուղղվեցավ դեպի յուր տունը։

Բայց մենք թողնենք սրանց իրենց ճանապարհի վրա և տեր-Անդրեասին՝ ս. Հովհաննես եկեղեցու բակում և մի քանի տարով դեպի անցյալը վերադառնանք։

Դ

Ո՞վ էր տեր-Անդրեասը։

Աղքատ, բայց առաքինի և բարեպաշտ ծնողաց զավակ էր։ 1605 թվին, երբ Շահաբասը Հայաստանի շատ նահանգներ դատարկելով ժողվուրդը քշեց դեպի Պարսկաստան, ի միջի այլոց դատարկեց նաև Նախիջևան քաղաքը։ Ինչպես մյուս տեղերից, նույնպես և Նախիջևանից՝ փախչող ու թաքչողներ շատ եղան։ Նախիջևանցի փախստյալների մեջ կային նաև տեր-Անդրեասի ծնողքը, որոնք գերավարության արհավիրները անցնելուց հետո ելան իրենց թաքստից և Ագուլիս գյուղը գալով՝ բնակություն հաստատեցին այդտեղ։

Որովհետև այդ ժամանակ Սյունյաց վարդապետարանը կամ Հարանց անապատը, որ գտնվում էր Ծղուկ գավառում, հետզհետե ծաղկում և հոչակ էր ստանում, պատանի Անդրեասի ծնողները տվին նրան այդտեղ ուսանելու։ Այդ անապատում նա աշակերտեց հայրենավեր և առաքինազարդ Մովսես վարդապետ Սյունեցուն, որ ժամանակի ուսման հետ միասին՝ ներշնչեց այդ ուշիմ և աշխատասեր պատանուն նաև յուր