Էջ:Muratsan, vol. 6.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Բ

Ժամհարի դուրս գնալուց ետ սկսա մտածել ստացածս հրավերի մասին և տեսա, որ դա պատվաբեր բան է։ Դրանով, ուրեմն, հասարակության լիազորները հայտնում էին ինձ իրենց վստահությունը։ Կնշանակե ես արդեն արժանի էի դրան... Եվ այդ վայրկենին, ի՜նչ մեղքս թաքցնեմ, սկսա ինքս ինձ ուռչել և հպարտանալ, որովհետև հասկանում էի, թե ի՜նչ է նշանակում երեցփոխանական հաշիվներ քննելու համար եկեղեցուց հրավեր ստանալ։ Այդ նշանակում էր, թե ես արդեն կատարյալ մարդ եմ և պիտի նստեմ լիազորների շարքում... իսկ լիազոր ասածդ, մանավանդ այդ ժամանակներում, հասարակ մարդ չէր լինում, հապա աշխարհում երկար ապրած, շատ չար ու բարի տեսած, մեծ փորձառություն և դրա հետ միասին էլ դիրք ու անուն ձեոք բերած անձնավորություն... իսկ այդպիսիների հետ նստելով հասարակական գործի մասնակցելը,— ընդունեցեք, որ գերագույն պատիվ էր։

Այս իսկ պատճառով իսկույն հանեցի հասարակ հագուստս և փոխարենը հագա սև շորեր (ինչպես կվայելեր հասարակական ժողովի հրավիրված մարդուն), ապա հայելու մեջ լրջորեն նայեցի վրաս, փողպատս ու մազերս խնամքով շտկեցի, նոր բուսնող ընչացքիս ծայրերը ոլորեցի և վերջը մորս առաջարկած թեյի երկրորդ բաժակն այնպես արագ խփշտեցի, որ լեզուս այրեցի։ Բայց որովհետև այդ անախորժությունը պատահեց ինձ հասարակական գործի պատճառով, ուստի քաղաքացիական քաջություն ունեցա չտրտնջալու: