Էջ:Muratsan, vol. 6.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Նա ուներ նեղ ու կնճռոտ ճակատ և երկարամազ ու խիտ հոնքեր, որոնք ավելի ևս խստացնում էին խոր ընկած ալքերի հայացքը, թեպետ և դրանք պատսպարված էին լայնագոգ ակնոցներով։ Մի առանձին վեհությամբ նա քաշում էր յուր սաթե համարիչը' աշխատելով ցուցահանել ձեռքերի կապույտ ծաղկատիպր, որ, ընդհանրապես, իսկական մահտեսության ապացույց է համարվում։

Երեցփոխի աջ կողմը նստած էր Լալյունց Մեսրոբ դային, իսկ ձախ կողմը` Տուտուշենց Մցական բեգը։ Առաջինը երեցփոխին հասակակից, բայց նրանից ավելի բարեդեմ մի մարդ էր և քաղաքում հայտնի յուր սնըխչիական (կոտրածը ողջացնող) արհեստով, որով սակայն պարապում էր ոչ իբրև մասնագետ, այլ իբրև սիրող և այդ պատճառով էլ ավելի հարգի էր Ժողովրդի աչքում։ Երկրորդը նրանից տարիքով պակաս, բայց խիստ հաստափոր մեկը, որ թե՛ խոսելիս և թե՛ ճանապարհը գնալիս շարունակ հևում էր։ Սա էլ հայտնի էր քաղաքին իբրև կալվածական վեճերի հմուտ կարգադրիչ կամ նրանց վերաբերյալ խնդիրներ շարադրող, որովհետև քաղաքի հողերը բաժանող մասնաժողովի նախագահն էր։ Դրանցից հետո գալիս էին՝ Բալա-ղուզին և Դաստակենց Ավան ապերը։ Առաջինը նիհար և փոքրահասակ, աչքի էր ընկնում յուր միշտ հինայած կարմիր մորուքով. երկրորդը նրանից քիչ հաղթանդամ, բայց տեսությամբ տկար, այնպես որ ձեռքին պատրաստ ուներ միշտ մի մոնոկլ, որով նայում էր հանդիպողին (մանավանդ երիտասարդներին) միշտ մի առանձին ուշադրությամբ։ Սրանք երկուսն էլ անորոշ պարապմունքի տեր մարդիկ էին և հայտնի միայն նրանով, որ առաջինն ապրում էր եկեղեցու հարավային կողմը, իսկ երկրորդը' հյուսիսային։ Ապա գալիս էր Սափարունց Դավութ բեգը, որ թեպետ Մցական բեգի չափ կարճահասակ և հաստափոր լինելով, նրա պես էլ գոտին փորի վրա կապելու տեղ, կրծքի վրան էր կապում, այնուամենայնիվ գիտությամբ բարձր էր նրանից, որովհետև կարող էր ընտիր արզաներ (խնդրագրեր) գրել ոչ միայն կալվածական, այլև քաղաքացիական ու քրեական ամենարարդ խնդիրների մասին։ Ամենից վերջը նստած էր Լղարենց Աբրահամ ապերը, որ մի բարձրահասակ, բայց հեզ ու հանդարտ մարդ էր և երևելի նրանով, որ Դավութ բեգի հարևանն էր։