Ասելս ու գործելս մեկ եղավ։
Ներս մտա իսկույն սենյակ, նստեցի սեղանի առաջ, առա թուղթ ու գրիչ և շարադրեցի հետևյալը.
«Մեր քաղաքում երկու քահանա փողոցում միմյանց հետ կռվեցին գավազաններով և իրար ջարդեցին»։
Երկու անգամ կարդացի այս տողերը։ Աոաջին անգամ նրանք դուր եկան ինձ, բայց հետո տեսա, որ խիստ կարճ են, (ես առհասարակ շատ էի սիրում երկար գրել, թեպետ չէի կարողանում)։ Ինչ անեմ, որ թղթակցությունս մի փոքր երկարի, մտածում էի ես։ Եվ, ահա՛, հանկարծ հիշեցի, որ հայոց լրագրները կարդալիս, նրանց մեջ պատահած գեղեցիկ բառերն ու դարձվածները միշտ օրինակում եմ մի առանձին տետրակում, որպեսզի նրանցից գործածեմ երբեմն` բարեկամներիս նամակ գրած միջոցին, (այդ ժամանակները ո՞վ էր կարծում, թե կգա մի օր, երբ ես լրագրի իսկական թղթակից էլ կդառնամ):— «Այս դեպքում էլ օգուտ կարող եմ քաղել ժողովածուից»,— մտածեցի ինքս ինձ և սեղանի արկղից հիշյալ տետրակը հանելով, ընտրեցի նրանից հետևյալները.
1) «Իրենց կոչման բարձրության վրա». 2) «անվայելչաբար». 3) «պատկառելի». 4) «սոսկալի» (այս բառը առհասարակ ես շատ եմ սիրում). 5) «քիթ ու պռունկ». 6) «մխիթարական կամ անմխիթար երևույթ». 7) «բարձր հոգևոր կառավարություն». 8) «ոստիկանության լուրջ ուշադրությունը». 9) «հրավիրում ենք ուշադրությունը» և 10) «գարշապար» (այս էլ իմ սիրած բառերի թվին է պատկանում)։
Այս տասն ընտիր բառերն ու դարձվածներն առնելով սկսա ետ ու առաջ դնել նրանց և հարմարեցնել իմ գրվածքին։ Երկու ժամվա անխոնջ պարապմունքից ետ այդ գրվածքն ստացավ հետևյալ ձևը.
«Մեր քաղաքի երկու պատկառելի քահանաներ, որոնք իրենց կոչման բարձրության վրա չեն կանգնած, փողոցում անվայելչաբար կռվեցին միմյանց հետ և իրար քիթ ու պռունկ ու գարշապար ջարդեցին։ Հրավիրում ենք բարձր հոգևոր կառավարության և ոստիկանության լուրջ ուշադրությունը այս անմխիթար երևույթի վրա»: