Վերջապես հասնելով տուն, օրինակեցի իմ շարադրած լուրը և դրի ծրարի մեջ:
Այժմ առաջ եկավ մի ուրիշ, ավելի ծանրակշիռ հարց.— արդյոք ո՞ր լրագրին դիմեմ. ազատամիտ «Հնձվորի՞ն», թե պահպանողական «Սայլորդին»։ Մտածեցի երկար, չափեցի, կշռեցի և վերջը եկա այն որոշման, թե ... բայց ոչ, որոշումս ձեզ հայտնելուց առաջ անհրաժեշտ է մի խորհրդածություն:
Արդյոք պատահե՞լ է ձեզ երբևիցե գտնվել իմ դրության մեջ. այսինքն այնպիսի դրություն, որ դուք ձեր անձնական մտքերը, հասարակական գաղափարները և քաղաքական հայացքները աշխարհին հայտնի անելուց, կամ ինչպես գեղեցիկ լեզվով ասում են— հասարակության սեփականություն դարձնելուց առաջ, նստեք և մտածեք թե «ո՞ր ուղղության դիմեմ, ո՞ր բանակին միանամ...»: Օ՜, մարդուս կյանքի մեջ այդ խնդրի մասին մտածելու վայրկյանը ամենից փառավորը և հանդիսավորն է... Այդ վայրկյանն է, որ քեզ առաջին անգամ զգալ է տալիս, թե դու ազատ մարդ ես և իրավունք ունես ինչ կամենաս լինելու. այսինքն և՛ ազատամիտ, և՛ պահպանողական, և ետադեմ, և՛, մինչև անգամ, կղերական... Եվ իրավ, ո՛վ իրավունք ունի ասել քեզ թե «պարոն, ինչո՞ւ ես դու կղերական»: Այդպիսի ապուշին դու ուղղակի կարող ես պատասխանել թե` «հենց այն պատճառով, որ դու ազատամիտ ես»։ Այդ կնշանակե թե` որևէ ուղղության կամ բանակի պատկանելը ոչ թե խելքի կամ խոր իմաստության գործ է, այլ ազատ կամքի: Երևակայեցեք, որ դուք վերարկու չունիք և ձեզ առաջարկում են գնել մեկը չորս վերարկուներից, որոնք բոլորն էլ նոր, գեղեցիկ, փափուկ և վայելուչ են և դուք ձեր սեփական փողը վճարելով` նրանցից մեկը գնում եք: Ո՞վ իրավունք ունի ձեզ ասել «պարո՛ն, ինչու այս վերարկուն ընտրեցիք և ոչ մյուսը»։ Չէ՞ որ ընտրությունը ճաշակի գործ է և դրա նկատմամբ երբեք չեն վիճում։ Եվ ահա դուք ընտրելով այն, որը կամեցել եք, դրանով կատարել եք ձեր կամքի ու ճաշակի պահանջը։ Ընտրության միջոցին, իհարկե, չեք կարող որոշել, թե եղածներից ո՞րն է փտած և ո՞րը դիմացկուն, որովհետև ձեր աչքում բոլորն էլ դեռ նոր են։ Իսկ փտածն ու դիմացկունը կորոշե ապագան։