Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շուտով հերթը հասնում է ինձ, թեպետ ես այդպես շուտ չէի սպասում... Բայց որովհետև նախագահը մեր բանակից է, ուստի կուսակցական քաղաքականության էտիկետը պահպանելով ինձանից առաջ ձայն խնդրողներին նա թողնում է անուշադիր և սիրալիր ժպիտով դառնում է դեպի ինձ.

— Պարոն Հակօ, այժմ խոսքը ձերն է։

Ես, սկզբում, իհարկե, մի փոքր շփոթվում եմ, որովհետև, խոստովանանք լինի, խոսելու մի առանձին շնորհք չունիմ, բացի այդ, այն վատ սովորությունն էլ ունիմ, որ ցուցամատս բարձրացնելու միջոցին, որոշած չեմ լինում թե ի՞նչ պիտի խոսեմ։ Իսկ այժմ քանի որ հերթը հասել է ինձ, իբրև «հատուկ թղթակից» պետք է արժանապատվությունս բարձր պահեմ, ուստի բոլորովին ինձ չկորցնելով բարձրանում եմ աթոռից և մի բարձրահոն հայացք ձգելով ժողովականների վրա, պարզ և մեկին արտասանում եմ հետևյալ համառոտ, բայց բազմաբովանդակ ճառը.

— Պարոն նախագահ, պատիվ ունիմ հայտնելու հարգելի հանդիսականներին թե ես, իսկապես, կամենում էի ասել այն, ինչ որ պարոն Ճաճուռյանն ասաց․ ես լիովին համաձայն եմ պարոնի հայտնած մտքերի և կարծիքների հետ։

Այս խոսքերը խոր տպավորություն են անում ժողովի վրա։

Դուք հիմա կասեք թե «հատուկ թղթակցին» չի վայելիլ այդքան համառոտախոս լինել։ Ես կպատասխանեմ, որ սխալվում եք։ Հատուկ թղթակիցն ավելի պարտավորություն էլ չունի խոսելու։ Ով ուզում է թող խոսի, ճառեր արտասանե, ընտրություններ կատարե, այսուամենայնիվ, այդ բոլոր խոսքերի, ճառերի և ընտրությունների նկատմամբ հրապարակով վերջին կարծիք հայտնելը մեզ է պատկանում։

Եթե ճառախոսը «մեր մարդն» է, ես նրա հայտնած մտքերն ու կարծիքները «Հնձվորում» անվանում եմ «բարձր, վսեմ և գաղափարական», եթե հակառակորդ է, ասում եմ` «հետադիմականին մեկն այսինչ ժողովում հայտնեց անդրջրհեղեղյան, բորբոսնած մտքեր»։

Եթե ժողովի ընտրությունները կատարվում են համաձայն մեր ցանկության, այն ժամանակ ես հայտնում եմ, թե «այսինչ ընդհանուր ժողովը կայացավ ամենայն օրինավրությամբ և ընտրության արդյունքը եղավ փայլուն, որովհետև ընտրվեցան միայն առաջադիմականները: