գոյր հող բազում, և վաղվաղակի բու-
սաւ առ ի չգոյէ հիւթոյ երկրին, ի ծա-
գել արևու տապացաւ, և զի ոչ գոյին
արմատք, չորացաւ։
Աւետ․ Մատթ․Ա.
Օդը մեղմ էր և տաքուկ, երկինքը պարզ և աստղազարդ։ Տների ներսը չէր գրավում մարդկանց, ուստի ժողովուրդը լցված էր դուրսը և զբոսնում էր սալած մայթերի վրա, կամ նոր կանաչող ծառուղիներում։ Շառագույն լուսինը, որ նոր էր բարձրանում մթնացող հորիզոնում, խոստանում է գեղեցիկ, լուսնկա գիշեր։ Այդ պատճառով փողոցներում աջ ու ձախ սլացող կառքերի թվին հետզհետե ավելանում էին և այն դեսպակները, որոնք իրենց մեջ խնամքով ծածկում էին հեռավոր զբոսարանների խորհրդավոր հաճախորդներին։ Այդպիսով դրսի աղմուկը գնալով սաստկանում էր և կենդանությունը տիրում ամեն տեղ։
Միայն ծերուկ փիլիսոփան, կամ գեղեցկուհուց մերժված սիրահարը կարող էին այդպիսի ախորժելի երեկոյին փակվել տան խորշերում և մտածել մինը՝ աշխարհի ունայնության և մյուսը՝ յուր վշտի ծանրության վրա։ Բայց կյանքի արժեքը մեծագրել գիտցող մարդը, մանավանդ եթե դա երիտասարդ էր կամ երիտասարդուհի, չէր կարող այդպիսի գրավիչ ժամերին չգտնվիլ զբոսնողների ընդհանուր ժխորի մեջ։
Սակայն արի՛ տե՛ս, որ հենց այդպիսի մի ժամանակ՝ ներքին հարկի մի ցածուն, բայց և ընդարձակ սենյակի մեջ Ժողովված էին մի խումբ աշխույժ երիտասարդներ, որոնք չէին մտածում ոչ նորեկ գարնան, ոչ սիրուն լուսնի և ոչ ճեմելիքներում զբոսնող գեղեցկուհիների մասին։