Արդ, քանի միասին ենք, քանի տեսնում և լսում ենք իրար, ահա՛ խոստանում ենք միմյանց' ընկերի և ուսանողի ազնվագույն խոստումով, որ մեր սրտերում ցանված սերմերը պիտի աճեցնենք կյանքում հիսնապատիկ, հարյուրապատիկ, և այդ սերմերից ելած պտուղները վայելել տանք նախ՝ այն ազգին ու ժողովրդին, որին պատկանելու պատիվն ունինք և ապա թե դրանից բաժին հանենք մեզ։ Չենք որոշում, իհարկե, թե ո՞վ մեզանից ի՞նչ չափով է պարտավոր ծառայել ազգին, բայց հավատում ենք թե մեզանից յուրաքանչյուրը սիրով պիտի լսե այն ձայնը, որ կանչում է' «հունձք» բազում են և մշակք սակաւ․․․»։ Հետևապես և պիտի շտապե դառնալ «մշակ» այդ «հունձերի» համար և աշխատել ու քրտնել ազգի անդաստանում։ Խոստանում ենք, որ ոչ ոք մեզանից պիտի ետ քաշվի վատաբար, կամ ասե թե իմ ուժն անկարող է ազգի կարիքները լցնելու, այլ պիտի աշխատե ըստ յուր կարողության, հիշելով այն առածը թե' «ուր կամք կա, այնտեղ կա և ճանապարհ»։ Եվ իրավ, եթե ջուրը յուր կաթիլներով ծակում է ապառաժը, մի՜թե մեր կամքը այդ չի կարող անել։ «Ամենալավ իմաստությունը հաստատ որոշումն է», ասում էր Նապոլեոնը։ Եվ ես կարծում եմ, եթե մենք ևս կյանքի մեջ հետևինք այդ իմաստուն խրատին, անշուշտ կգործենք ավելի հաջողությամբ, քան կարող ենք այժմ երևակայել։ Մեր ժողովուրդն, իրավ, կարիքներ շատ ունի և այդ ամենը մենք չենք կարող դարմանել։ Չայց եթե այսօր մենք մի մասը դարմանենք և վաղն ուրիշները մի ուրիշ մասը, և այսպես գործը շարունակվի անընդհատ, կարիքները կդարմանվին կարճ ժամանակում և ցավերը կվերանան անզգալապես։ Աշխատող ձեռքը, պարոններ, չի պտրիլ երբեք վարդալիր պարտեզ, այլ կերթա այնտեղ, ուր հողն անմշակ է և դաշտերը խոպան, նա յուր քրտինքը կթափե այդ հողում, որպեսզի ապագայում մխիթարվի այն մտքով թե ինքն իրավամբ կրում է արարչի պատկերը, վասնզի կարողացավ «ինչն ստեղծել ոչնչից»։ Պատմության մեջ հայտնի բազմաթիվ անձինք նշանավոր են դարձել և ազգերի ու սերունդների սերն ու սիրտը գրավել ոչ այն պատճառով, որ իրենց անձն են սիրել, կամ շահը խնամել, այլ որովհետև նվիրվել են հասարակաց բարվույն, ժողովրդին ու հայրենիքին։
Էջ:Muratsan, vol. 6.djvu/162
Արտաքին տեսք