Էջ:Muratsan, vol. 6.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Գործի վրա մտածիր, որդի, գործի վրա, թե չէ կռոներից շահ չի չինելու քեզ։— Այս ասելով նա դուրս գնաց սենյակից, չկամենալով ավելի ձանձրացնել որդուն։ Որովհետև, իբրև փորձառու մարդ, գիտեր որ խելքի հասած երիտասարդին անօգուտ է երկար խրատներ կարդալը։ Բավական է, որ մարդ երկու խոսքով հայտնի նրան յուր դժգոհությունը և ապա թողնե նրան մտածել ու որոշել անելիքը։

Մինչդեռ Լիդիա Պավլովնան ալդ կարծիքին չէր. նա, իբրև կին, միշտ յուր ուզածն անել էր տվել երկար խոսելով, թախանձելով, հետևապես հավատում էր շատախոսելու փրկարար զորությանը։ Այդ պատճառով էլ, երբ ամուսինը հեռացավ, նա մոտ քաշեց որդուն (որ դարձյալ ձեռքն էր առել յուր հուշատետրը, անշուշտ հոր խոսքերի ազդեցությունը իրենից հեռացնելու նպատակով) և իբրև մի մեծ նորություն, հաղորդեց նրան հետևլալը։

— Ես որ քեզ ասում եմ գնանք միասին ամառանոց, հո նրա համար չեմ ասում, որ միայն քաղաքի շոգերից ազատեմ քեզ, ոչ ես ուրիշ միտք էլ ունիմ և դրա համար է, որ չեմ ուզում քեզ թողնել...

— Ի՞նչ միտք,— հարցրեց երիտասարդը։

— Մարկոսովենց տուն հո գնացի՛ր, Ադելինին տեսա՞ր,— հարցրեց մայրր խորհրդավոր եղանակով։

— Այո, գնացի, Ադելինին էլ տեսա, հետո՞։

— Իբրև թե չգիտես ինչո՛ւ համար եմ հարցնում,— նկատեց մայրը խորամանկ ժպիտով։

— Ոչ։

— Չէ՞ որ մի օր հավանում էիր նրան։

— Հենց հիմա էլ հավանում եմ։

— Հո տեսնում ես թե ի՛նչ է դառել... ինչպես մեծացել, գեղեցկացել է։

— Այո՜, շատ է գեղեցկացել։

— Է, այդպիսի աղջիկը, որ քեզ սիրում լինի և քո պատճառով էլ Բորժոմ լինի գալիս, ի՞նչ կասես դրան։