— Ոչ, ես չեմ հոգնում, ընդհակառակն, որքան շատ եմ գործում, այնքան ավելի առողջ եմ զգում ինձ,— պատասխանեց օրիորդն աշխույժով և թեթև շառագունելով։
— Այո՛, պարապությունը ավե՛լի է վնասում առողջությանը, քան չափազանց զբաղմունքը,— հաստատեց երիտաասյրդ Կամսարյանը։
Օրիսրդի մայրը համաձայնեց վերջինի հետ՝ և առանց մի վայրկյան կորցնելու սկսավ պատմել թե՝ ի՜նչպես ինքն առաջ թույլ էր ու տկար, որովհետև տան գործը մեծ մասամբ թողել էր սպասուհիներին։ Բայց այն օրից, որ իմացավ թե գործունեությունը կազդուրում է մարդուն ավելի, քան բժիջկների դեղերը (այդ բանն էլ ասել էր նրան մի բարեկամ բժիշկ, որ հիվանդներ չունենալու պատճառով ինքը հաճախ հիվանդանում էր), նա սկսավ այնուհետև տան գործերից շատերը յուր ձեռքով անել և այն օրից ի վեր այնքան առողջացավ, որ էլ չէր գանգատվում ո՛չ սրտի ցավից, ո՛չ թուլությունից։
Այս զրույցի ժամանակ Լիդիա Պավլովնան լսում էր բարեկամուհուն ուշադրությամբ և ընդ նմին աշխատում, որ յուր լայն բացված և ուղիղ բարեկամուհու դեմքին նայող աչքերը համոզեն վերջնի թե ինքը չափազանց հետաքրքրական է գտնում նրա բացատրությունը։ Մինչդեռ երիտասարդը զբաղված էր նրա աղջկանով։
Ադելինային, իրավ, սա ճանաչում էր վաղուց, այսինքն, երբ դեռ ինքը գիմնազիոնի աշակերտ էր, իսկ նա' ինստիտուտի փոքրիկ աշակերտուհի։ Այդ ժամանակ նրանք դրացիներ էին, իսկ ծնողները միմյանց բարեկամ։ Եվ որովհետև վերջիններս հաճախ այցելում էին միմյանց, ուստի իրենք էլ տեսնվում էին իրար հետ։ Բացի այդ, նրանք հանդիպում էին միմյանց դպրոց գնալիս և այդ դեպքում երիտասարդը միշտ ուղեկցում էր օրիորդին մինչև ինստիտուտի փողոցը, խոսակցելով նրա հետ աշակերտներին հետաքրքրող նյութերի մասին, կամ պատասխանեչով այն հարցերին, որ Ադելինան հաճախ տալիս էր իրեն։