Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ճեմարանավարտ ուսանողն, որին ծանոթացանք պատմությանս առաջին գլխում և որն ուսանողական ժողովներին նախագահելուց զատ, առաջնորդում էր ընկերներին նաև մայրենի լեզվին ու գրականությանը ծանոթացնելու գործում, խորհուրդ էր տվել Կամսարյանին կարդալ Աբովյանի «Վերքը» որքան կարելի է շատ։ «Դու որ նվիրում ես քեզ հայ ժողովրդի մոռացված մասին, այսինքն գյուղացուն ու մշակին, այդ գիրքը պիտի կարդաս հաճախ, ուսել էր նա նրան, որովհետև բոլոր մարդկանցից ու գրքերից ավելի «Վերք Հայաստանին» կարող է քեզ ծանոթացնել հայ գեղջուկի հոգուն ու զգացմունքներին, նրա արժանիքին ու թերություններին, նրա կարիքներին ու ցավերին»։ Եվ իրավ, քանի Պետրոսը կարդացել էր այդ գիրքը, այնքան ավելի նա սկսել էր սիրել հայ շինականն ու գյուղացին, որոնց նա յուր հարազատ ազգակիցն էր համարում, բայց որոնց, ավա՜ղ, չէր ճանաչում անձամբ։ Նստելով հովանավոր ակաթենու տակ, նա բաց արավ գիրքը, բայց... մեքենաբար։ Նրան թվում էր թե գեղեցկուհին դեռ նայում է իրեն յուր սիրուն աչքերով, թե նա հենց նոր ժպտալով ասաց իրեն «կխնդրեմ որ գաք» իսկ մի փոքր հետո՝ աշխույժով ավելացվեց «ի՞նչն է արգելք լինում...»։ Այո′, այս ձայները հնչում էին դեռ երիտասարդի ականջում, իսկ գեղանի պատկերն ու փայլուն հայացքը չէին հեռանում նրանից։

— Դժվար է... իրավ որ դժվար է,— մտածում էր երիտասարդը, ամենքին կարելի է թողնել, ամեն ինչ կարելի է զոհել, բայց այս հրեշտակին, այս դիցուհուն... ճիշտ որ դժվար է. չէ՞ որ սա ինձ համար կարող էր լինել ամեն ինչ... և եթե նա, իրավ, անտարբեր չէ դեպի ինձ... այն ժամանակ արդեն կատարյալ խելագարություն է թողնել նրան... Բայց հենց այս մտածմունքի հետ հիշեց երիտասարդն ուսանողների ժողովը, յուր հանդիսավոր խոստումն և այն ուժգին ծափահարությունր, որ հետևեց հայտարարությանը... հիշեց թե ինչպես «կեցցեները» դղրդացրին ներքնահարկի ցածուն դահլիճը։