Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էն լուսակոլոլ աչքերը, էն խնկան ծաղիկ շրթունքը, որ բաց չէր ըլում, մարդ ուզում էր ոչ ուտի, ոչ խմի, հենց նրան մտիկ տա, նրա սուրահի բոյին թամաշ անի, նրա ոտքի տակին հոգին տա, նրա ձեռիցը իր մահն առնի... Եվ էս երկնային հրեշտակը, էս անմեղ դառն էր էն հադաղին՝ էն գազանների (Հասան խանի ֆարրաշների) ձեռին... ի՞նչ քարացած, ապառաժ սիրտ պետք է ըլի, որ նրան տեսնելիս, կամ նրա պատմությունը լսելիս գլխին կրակ չվառվի...»։

Երիտասարդն է՛լ չշարունակեց։ Որքան Թագուհու գեղեցկության նկարագիրը հիացմունք պատճառեց իրեն, այնքան էլ վերջին տողերը հուզեցին յուր հոգին։ Նա փակեց գիրքը և ինքնիրեն շշնջաց.

— Ամո՜թ ինձ, հազա՜ր ամոթ... Եվ ես դեռ տատանվում եմ, դեռ երկմտում եմ։ Մի՞թե կարելի է մի վայրկյան անգամ ուշանալ... Մի ժողովուրդ, որ այսպիսի ծնունդներ ունի յուր մեջ, մի՞թե արժանի չէ մեր խնամքին ու օգնության։ Ո՞ւմ մասին եմ մտածում — մի Ադելինայի, բախտից երես առած մի կենցաղասեր աղջկա... Ինչու՞ չգնամ Աթոյենց աղջկերանցը, Թագուհիներին պտրելու...Եթե այսօր Հասան խանի ֆարրաշները չեն սպառնում նրանց, հո տգիտությունն ու խեղճությունը, հո վաշխառուներն ու օրինազանցները սպառնում են։ Ինչո՞ւ, ուրեմն, չերթամ օգնության կարոտ այդ ժողովրդի մոտ, ինչո՞ւ չծառայեմ նրանց և իմ աշխատության ընկեր չընտրեմ Թագուհիների միջից... Մի՞թե նրանց անմեղ ու միամիտ սերը պակաս ուժով կխրախուսե և կոգևորե ինձ։ Այն աղջիկը, որ աչքը բանալու օրից ճանաչում է միայն իր ծնողներին, յուր տունն ու դուռը, յուր արտն ու այգին, որ յուր ուրախությունը գտնում է ծնողական հարկի տակ, արդար աշխատության մեջ, որ յուր սերը խնամքով ծածկում, պահում է սրտի խորքում և նվիրում միայն նրան, ով աստծո կամքով վիճակվել է իրեն ամուսին և, որն ապա յուր կյանքն ու ուրախությունը որոնում է այդ ամուսնու մեջ, մի՞թե հազար անգամ ավելի մեծ, բարձր ու արժանավոր չէ, քան այդ զվարարգելիլ ոչ ոք։