Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բայց ես, բարեկամ, ամենից ավելի իրավունք ունեմ տրտնջալու, որովհետև հենց ինքս մինն եմ եղել այն մարդկանցից, որոնք սիրով նվիրվել են հայ շինականին, կամենալով սովորեցնել նրան խեղճության դեմ կռվելու և մարդավայել կերպով ապրելու եղանակը... բայց իմ ունեցած կարողությունը հավասար չէր իմ ցանկության, ուստի չհաջողեցա հասնել նպատակիս։

— Ինչպե՞ս, փող էր հարկավոր և չունեի՛՛ք։

— Ոչ, ես վարժապետ էի գյուղում և հենց այդ պաշտոնի շնորհիվ էլ մոտ լինելով գյուղացուն, կարողանում էի օգնել նրան յուր կարիքների ժամանակ, երբեմն խորհրդով, երբեմն գործակցությամբ, և եթե երկար մնայի այնտեղ, գուցե կարողանայի որոշ օգուտ տալ։ Գոնե կկրթեի մի ամբողջ սերունդ այնպես, ինչպես որ պետք էր, և այնուհետև այդ սերունդը ինքը կշարունակեր իմ գործը...

— Էհ, լավ, ինչո՞ւ երկար չմնացիք։

— Որովհետև չէի կարող։

— Պատճա"ռը։

— Մեր ուսումնարանական կյանքում նոր փոփոխություններ եղան, նոր օրենքներ հրատարակվեցան։ Վարժապետը պետք է ցենզ ունենար, իսկ ես չունեի, որովհետև թեմական դպրոցն էի ավարտել։ Այդ պատճառով, ահա, ինձ պաշտոնից արձակեցին։

— Եվ հետո՞։

— Հետո շատ դեսուդեն ընկնելուց վերջը եկա և այս կայարանում չորքոտանիների վարժապետ դարձա։

— Հասկանում եմ․․․։

— Ուրախ եմ, որ հասկանում եք. ուրեմն և իրավունք եք տալիս ինձ տրտնջալ այն երիտասարդների դեմ, որոնք բարձր կրթություն ստանալով, կարողություն են ձեռք բերում ժողովրդին ամեն կերպ ծառայելու, և սակայն այդ ծառայությունից փախչում են վատաբար։

— Անշուշտ։

— Դեհ, հենց այդ իրավունքի հիման վրա ես ձեզ մեծ մարդ եմ անվանում, որովհետև քաջություն եք ունեցել կյանքն արհամարհելով, այդպիսի վսեմ նպատակի նվիրել ձեզ։