Էջ:Muratsan, vol. 6.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Ահա թե ո՛րտեղ է հարկավոր մեր միջամտությունն ու ազդեցությունը․ ․ ․ բնությունը զարդարել է մեր երկիրը յուր լավագույն հարստությամբ, յուր քնքուշ գեղեցկություններով և սակայն մարդկային անճաշակ տգիտությունը այլանդակել է նրան անխղճորեն։ Ժամանակ է, արդարև, որ մենք մտնենք ամեն անկյուն և տգիտության բուները ավերենք ամեն տեղ...— մտածեց Կամսարյանը և յուր նվիրումը ավելի ևս կշիռ ստացավ յուր աչքում։

Հետևյալ առավոտ, դեռ արևը չծագած, Կամսարյանը նստած էր Օվանեսի կառքում, որ հանգիստ սուրում էր «Երևանյան» խճուղի։ Վերջինս Դիլիջանի հարավ-արևմտյան կողմից սկսելով, անցնում էր Շամլուղ գետակի ուղղությամբ, Մայմեխ լեռան ստորոտը ծածկող անտառների միջով և ապա հետզհետե լեռան լանջերը բարձրանալով, պիտի հասներ մինչև նրա կատարը։ Արևը դեռ նոր էր Մայմեխի բարձունքը վառում, երբ մեր ուղևորները անցնում էին նրա ստորոտով։ Առավոտյան զեփյուռը, որ հով էր բերում սարի լանջերից, մեղմով շարժում էր անտառի ծառերը։ Նրանց խուլ շրշյունը խառնվելով Շամլուղի քաղցր խոխոջի և թռչնիկների այգածին ճռվողյունի հետ, կազմում էր հաճոյական մի ներդաշնակություն, որ խանգարվում էր երբեմն կառքի կոշտ դղրդյունով։

Երբ ուղղադիր ծմակներն անցնելուց հետո, սկսան դեպի լեռնալանջը բարձրանալ և Շամլուղը ծածկվելով անտառի խորքում, սկսավ յուր խոխոջի խուլ ձայնով ուղեկցել ճանապարհորդներին, տիրացու Մոսին, որ դարձյալ նստած էր կառապանի կողքին, անհրաժեշտ համարեց հիշեցնել «աղին» յուր երեկվա դիտողությունը.

— Մի՞տդ ա էն, որ ասում ի թե Դիլիջանա դեսի ճամփեն էվելի սիրուն ա, քանզ դենի՛նը։ Դե հմի մտիկ տու, տե՛ս, ըսկի քու օրումը ըսենց տեղեր տեհե՞լ ես։

Կամսարյանը, որ արդեն գրավված էր շրջապատող տեսարաններով, տիրացուի «դե հմի մտիկ տու» խոսքի վրա ետ նայեց և տեսավ, արդարև, մի նոր, ակնապարար տեսարան։— Իրենք այդ միջոցին գտնվում էին որոշ բարձրության վրա, իսկ տափարակի ծմակները մնացել էին վար։