Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բա խի՞ չի ցանկանալ, մարդ չի՞ ուզիլ, որ իրան պատիվ տան։

— Դա պատի՞վ է։

— Պատիվ ա, բա՜ ։

Կամսարյանը այս նորությունը լսում էր զարմանալով և չէր կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է, որ մարդ արարածը չխոսե յուր նմանի հետ, կամ թե այդ խոսելը համարե ամոթ, պատիվ, կամ անպատվություն։ Այսպիսի ըմբռնումներ չէին կարող ունենալ նույնիսկ Աֆրիկայի վայրենիները, իսկ սրանք հո, համեմատաբար, քաղաքակրթված երկրի բնակիչներ էին, հետևապես և պետք է ազատ լինեին այդպիսի վայրենությունից։ Բայց և այնպես փաստը յուր առաջն էր։ Նա տեսնում էր մի կին, առողջ կազմվածքով, գործելու կարող, ընտանիքին պիտանի և, սակայն, զրկվա՛ծ աստուծո տված մեծագույն բարիքից — խոսելու ազատությունից, և այդպիսի մի անհեթեթության իրավունքը պաշտպանում էր գյուղի գրագետ մարդը։

Երիտասարդը դեռ զբաղված էր այս մտածությամբ, երբ վերջինս շնորհակալություն անելով նրան՝ իրեն արած բարության համար, առավ յուր աղքատիկ կապոցը և հեռացավ, խոստանալով դարձյալ գալ «աղայի» կոչին, երբ սա կհրամայե։

Մի փոքր հետո ներկայացավ կառապան Օվանեսը և խնդրեց նրան արձակել իրեն։

— Ի՞նչ, դու վերադառնո՞ւմ ես,— հարցրեց Պետրոսը։

— Հրամել ես, աղա։

— Մեղք չե՞ն ձիերդ, ինչո՞ւ չես հանգստացնում։

— Հրես գնամ Սիմոնովկումը կորմ կտամ, ընտեղ էլ կհանգստացնեմ։

— Ինչո՞ւ այստեղ չես տալիս։

— Ըստեղ դժվար ա։

— Ինչո՞ւ է դժվար։

— Ապուռ չըկա (կեր), էլածն էլ թանկ ա։

— Իսկ այնտեղ աժա՞ն է։

— Աժան ա, բա'։