ՊԱՊԱՔ.— Ո՛չ, ասում եմ քեզ. բոլոր նրա խոսածներից ես ա՛յն հետևցրի թե՝ նա մի զոհ է կամակոր հոր ձեռքում․ թե նա ճնշված է ծնողական հրամանի տակ. այս դեպքում, մինչև անգամ, պետք է կարեկցել և պաշտպանել նրան։
ՀԱՄՏՈՒՆ.— Բայց եթե դու սխալվո՞ւմ ես։
ՊԱՊԱՔ․— Չեմ սխալվում բոլորովին։ Եթե օրիորդը քեզ չհամակրեր, ապա նա չէր գալ քեզ հետ տեսակցելու։
ՀԱՄՏՈՒՆ.— (մտախոհ) Այո՛, այդ ճիշտ է... բայց չէ՞ որ նա չկամեցավ մինչև վերջն ինձ լսել։
ՊԱՊԱՔ.— Նա վեր կացավ տեղից, հենց որ դու ասացիր թե՝
«սիրում եմ քեզ»։
ՀԱՄՏՈՒՆ.— Այո՛։
ՊԱՊԱP.— Եվ ավելացրեց թե՝ «ների՛ր, որ քո սիրո խոստովանությունը դողալով եմ լսում»։
ՀԱՄՏՈՒՆ.— Ճիշտ որ այդպես ասաց։
ՊԱՊԱP.— Եվ ապա բացատրեց թե՝ դրա պատճառը յուր ընտանեկան կրթությունը և կանացի երկչոտությունն է․․․
ՀԱՄՏՈՒՆ.— ՜, ի՜նչ լավ հիշում ես։ Իրավ որ այդ՝ ամենը ես լսեցի։
ՊԱՊԱՔ.— Ուրեմն էլ ուրիշ ի՞նչ կարող էր ասել մի իշխանազուն օրիորդ, որ առաջին անգամն էր սիրո խոստովանություն լսում։
ՀԱՄՏՈՒՆ.— Եթե այդ բոլորը ճիշտ է, Պապաք իշխան, ուրեմն այս ամրոցից ես չեմ հեռանալ։
ՊԱՊԱՔ.— Այո՛, չի պիտի հեռանաս և պիտի պնդես քո իրավունքների վրա։
ՀԱՄՏՈՒՆ.— Կպնդեմ․ և, եթե հարկ լինի՝ նույնիսկ կռվի կելնեմ Ներսեհ իշխանի դեմ: Թող կամ նա՛ ինձ ոչնչացնե, և կամ ե՛ս նրան։ Մեզանից ով որ կենդանի կմնա, թող նա էլ ժառանգե այս գեղեցկուհուն։
ՊԱՊԱՔ.— Տո՛ւր ձեռդ սեղմեմ, այր մարդու վճիռ է։
ՀԱՄՏՈՒՆ․— (աջը պարզելով) Սեղմի՛ր և եղի՛ր իմ վկան։
Վարագույր